Արցախին նվիրված աղոթական հավաք՝ ԱՄՆ-ի սուրբ Ղեւոնդյանց Մայր տաճարում

17 Օգոստոսի 2023, 22:15

Հայեր

ԱՄՆ-ի Բըրբանք քաղաքի սուրբ Ղեւոնդյանց Մայր տաճարում երեկ՝ օգոստոսի 16-ին, տեղի է ունեցել Արցախին նվիրված համահայկական, միջեկեղեցական, միջկրոնական աղոթական հավաք: Արցախի համար աղոթական հավաքը կազմակերպել է Արեւմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը:

Alpha News-ի թղթակցի հաղորդմամբ՝ աղոթական հավաքին մասնակցել են նաեւ Լոս Անջելեսում Հայաստանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նորանշանակ հյուպատոսն իր ելույթում ընդգծել է, որ օրհասական պահերին հայ ազգն ապավինել է սեփական ուժերին, միասնականությանն ու Աստծո զորությանը:

«Հայը աղոթք ասող ազգ է, խաղաղություն սիրող ազգ է: Ցավոք, միշտ չէ, որ խաղաղասիրությունն արժանանում է պատշաճ ընդունելության ու ըմբռնման: Այսօր մենք ականատես ենք լինում ծայրահեղ ծանր իրավիճակի, որում հայտնվել են Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները, 120 հազար բնակիչ, որոնք 8-րդ ամիսն է՝ կատարյալ արգելափակման մեջ են: Ադրբեջանի իշխանությունները ցինիկաբար փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը ու մեր հայրենակիցները զրկված են կենսագործունեության նվազագույն պայմաններից:

Բացի այդ՝ ադրբեջանական զինուժն անընդհատ լարվածության մեջ է պահում շփման գծին մոտ բնակվող մարդկանց՝ զրկելով նրանց գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու հնարավորությունից, որն ավելի է խորացնում սովահարության արհավիրքը»,- շեշտել է Կարեն Իսրայելյանը:

Նա հույս է հայտնել, որ հայկական կողմի ձեռնարկած քայլերը կլսվեն միջազգային հանրության կողմից եւ առաջիկայում Լաչինի միջանցքը, որը 8 ամիս է՝ փակ է, կբացվի:

«Հուսով եմ, որ բոլորիս կողմից արվող քայլերն ու այս միասնական աղոթքը տեղ կհասնեն, լսելի կլինեն թե՛ միջազգային հանրության, թե՛ ամենազոր Աստծո կողմից եւ մոտ ապագայում մենք ականատես կլինենք Լաչինի միջանցքի բացմանը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ, խաղաղ ապրելու, ազատ տեղաշարժվելու եւ ամենատարրական իրավունքների վերականգնմանը»,- հավելել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսը:

Հավաքը եզրափակվել է տերունական աղոթքով: