Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողը հայտարարում է՝ Ադրբեջանի նպատակը հայությանն Արցախից հանելն է

24 Օգոստոսի 2023, 11:43

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստին հայտարարեց, թե հավաստի տեղեկություններ է ստացել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից միայն ելք թույլ տալու ուղղությամբ։

«Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ Հայաստանում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Ղարաբաղ։ Նրանցից շուրջ 5000 նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետեւանքով, շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետեւանքով:

Այս դրույթի չկատարումը եւ մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է հայության, լինի դա սովահամության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»,- ասաց Փաշինյանը:

Փաստորեն, Հայաստանի վարչապետը, որը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, այսօր հայտարարում է, թե Ադրբեջանի նպատակը հայությանն Արցախից հանելն է ու կապ չունի, թե դա ինչ տարբերակով է արվում:

Նիկոլ Փաշինյանը ուզում է տպավորություն ստեղծել, թե մտահոգվում է Լեռնային Ղարաբաղի հայության համար, բայց ակնհայտ էր, որ նրա՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո Ադրբեջանն իրեն վերապահելու է ամեն ինչ:

Ստացվում է, որ 2022 թ. հոկտեմբերին Պրահայում առաջին անգամ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող Նիկոլ Փաշինյանը խաղաքարտ է տվել Իլհամ Ալիեւին՝ Արցախի ու արցախահայության ճակատագիրը որոշելու վերաբերյալ: