«Արցախն ապրում է մեզ համար, մենք էլ` Արցախի». ամառային կրթական ճամբար` Ստեփանակերտում

25 Հուլիսի 2023, 19:00

Հայեր

Հադրութի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ Ստեփանակերտում մեկնարկել է ամառային բակային կրթական ճամբար։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ բակային ճամբարը կրում է «Արցախն ապրում է մեզ համար, մենք էլ՝ Արցախի» խորագիրը։

«Զուգադրել ենք մեր սաների ձեռքի աշխատանքները՝ գորգարվեստից, գոբելենից, կավագործությունից, նկարչությունից, տիկնիկային խմբից։ Մեզ միացել է ավելի քան 60 երեխա, և նրանք կսովորեն պատրաստել նման աշխատանքներ։ Ճամբարը տևելու է տասը օր։ Նպատակ ունենք երեխաներին հասու դարձնել ազգային արժեքները, նրանց միջոցով տարածել այն ու էլ ավելի զարգացնել։ Ծրագիրը նաև լավ հնարավորություն է, որպեսզի մեր երեխաները, ովքեր յոթ ամսից ավելի է` գտնվում են շրջափակման մեջ և ժամանցի կազմակերպման լայն հնարավորություններ չունեն, փորձեն այս տարբերակով իրենց ամառային հանգիստն անցկացնել»,-ներկայացրել է Հադրութի ՄՊՍԿ տնօրեն Իրա Թամրազյանը։

Նրա խոսքով՝ ճամբարի շրջանակում Հադրութի և Ստեփանակերտի ֆուտբոլային թիմերի միջև կանցկացվի նաև ֆուտբոլի մրցույթ։ Իսկ ճամբարի մասնակից այն երեխաները, ովքեր կկարողանան տարբեր աշխատանքներ պատրաստել և նրանց մեջ սեր կծնվի դեպի արվեստը, կարող են սեպտեմբերի 1-ից հաճախել Հադրութի ՄՊՍԿ։