Արցախն այժմ պետք է ինքնուրույն ընտրություն կատարի, այլընտրանքը լինելու է ցեղասպանությունը. Ռաֆայել Օրդուխանյան
29 Օգոստոսի 2023, 22:55
Քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը Alpha Newsroom-ի ուղիղ եթերում, մեկնաբանելով Արցախում ստեղծված իրավիճակը, ասել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Արցախում ազգային միասնության կառավարության ձևավորումն է:
«Հիմա Ստեփանակերտին որեւէ դեպքում հարկավոր չէ ապագան կապել Երևանի հետ։ Ինձ թվում է, որ սա արդեն խաղացված քարտ է։ Ցեղասպանությունից և, առնվազն, էթնիկ զտումներից խուսափելու համար, առավել եւս, եթե մենք խոսում ենք քաղտեխնոլոգիաների մասին, միակ ելքն եմ տեսնում եմ Ստեփանակերտի համար։ Նրանք պետք է հնարավորինս արագ ձևավորեն ազգային միասնության կառավարություն և դիմեն Ռուսաստանին՝ ինքնավար հանրապետության իրավունքով Ռուսաստանի Դաշնության կազմում կամ գոնե, Միութենական պետության կազմում ընդգրկվելու խնդրանքով։
Սա շատ բարդ գործընթաց է, այն պետք է քաղաքականապես շատ գրագետ անել։ Եթե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն իր մեջ ուժ գտնի նման օրակարգ ձևավորելու համար, ապա ես կարծում եմ, որ դա առավել արդյունավետ կլինի անել հիմա։ Համենայնդեպս, ինչ-որ պահի հնարավոր կլինի սառեցնել հակամարտությունը և արդեն դիմել Ռուսաստանին կոնկրետ քաղաքական առաջարկով։ Հիմնական խնդիրներից մեկը, որի մասին բազմիցս խոսել եմ անորոշությունն է։ Այն եղել է և՛ Հայաստանի ղեկավարության գործողություններում, և՛ որպես հետևանք՝ ազդել է Արցախի ղեկավարության գործողությունների որոշակի երկիմաստության վրա։
Հիմա եկել է ժամանակը, ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ պետք է ինքդ քեզ համար կողմնորոշվես, թե ուր և ում հետ ես ուզում շարժվել։ Դա պետք է աներ Հայաստանը, և նա կատարեց իր ընտրությունը, այն Ռուսաստանի հետ չէ։ Արցախն այժմ պետք է ինքնուրույն ընտրություն կատարի, որովհետև այդ անվճռականության և երկիմաստության այլընտրանքը լինելու է էթնիկ զտումը, ցեղասպանությունն ու հայաթափումը, և Արցախի բնակեցումն ադրբեջանական բնակչությամբ։
Եվ ինչպես բազմիցս է տեղի ունեցել, այդ խնդիրը կլուծվի, ինչպես Նախիջևանում կամ Արևմտյան Հայաստանի այլ շրջաններում։ Այնպես որ, ժամանակը հիմա մեր կողմը չէ, և անհրաժեշտ է վճռական գործողություններ ձեռնարկել։ Ես անկեղծորեն մաղթում եմ Արցախի ղեկավարությանը կայացնել իմաստուն որոշումներ», — ընդգծել է Օրդուխանյանը։