Արցախն այսօր հայ ժողովրդի արժանապատվության հիմնասյունն է. Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

26 Հունիսի 2023, 20:41

Կարծիք | Հայեր

Արցախում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար պետք է հրաժարվել երկիր ու ազգ քայքայող բոլոր խոտելի երևույթներից: «Արցախպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը՝ ընդգծելով, որ Արցախն այսօր հայ ժողովրդի արժանապատվության հիմնասյունն է դարձել:

«Սա ազգովի հաղթարելու փորձություն է, որը հավատացյալներին նաև առիթ է տալիս մյուսներին էլ բերել դեպի եկեղեցի՝ իրենց հավատքի մասին վկայելու, ասելու՝ դարձե՛ք դեպի Քրիստոսը ու ձեր այս փորձությունները ավելի հեշտ կարող եք հաղթահարել»,- շեշտել է քահանա Գյուրջյանը:

Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր հայ պիտի կարողանա հայացքը դարձնել Արցախին ու հասկանալ, որ արցախցին իր անբաժան մասնիկն է:

«Սուրբ գիրքն ասում է՝ փորձությունները համբերություն են ծնում, համբերությունը՝ հույս, իսկ հույսը երբեք չի ամաչեցնում: Իրականում մեր ներկա իրավիճակը հույսով և համբերությամբ տանելն ինքնին հավատքի դրսևորում կարող է լինել, եթե մենք սա ընկալենք ոչ թե տանջանք և մեզ ուղարկված պատիժ, այլ առիթ, որպեսզի մենք կարողանանք ինքներս մեզ վերագտնել, առիթ՝ ապաշխարության»,-նշել է հոգևորականը:

Եզրափակելով խոսքը՝ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանն ասել է, որ Աստված մեզ ստեղծել է առանց մեզ, բայց չի կարող փրկել առանց մեզ: