Արցախն իր դիմացկունությամբ աշխարհին ցույց է տալիս, որ իրեն հպատակություն պարտադրելն անհնար է. Գուրգեն Ներսիսյան

05 Հուլիսի 2023, 18:51

Քաղաքականություն

«Մեր ժողովուրդն իր դիմացկունությամբ աշխարհին ցույց է տալիս, որ անհնար է Արցախի ժողովրդին պարտադրել հպատակություն, անհնար է մարդուն պարտադրել՝ գնալ ինքնասպանության»,- Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարն ընդգծել է՝ որքան էլ արցախահայության սպասելիքները չարդարանան միջազգային հանրությունից, միեւնույն է, արցախցիները այն կարծիքին չեն, որ միջազգային հանրությունը կարող է հավիտենական կույր մնալ:

«Մենք տասնամյակներ շարունակ փորձում էինք հիմնավորել, որ Արցախը Ադրբեջանից ինքնորոշվել է իր տեսակի պահպանությունն ապահովելու համար, որովհետեւ հայի տեսակն Արցախում վտանգի տակ էր: Գուցե մեզ չէր հաջողվում աշխարհին համոզել այս մասին, բայց Ադրբեջանը, պատրեազմից հետո արդեն երրորդ տարին է, ամենօրյա ռեժիմով ներկայացնում է այդ թեզը: Հիմա մեր ժողովուրդը համբերատար սպասում է, թե երբ միջազգային հանրությունը կբացի աչքերը, կհամոզվի Ադրբեջանի այն հանցավոր քաղաքականության մեջ, որը վարվում է Արցախի ժողովրդի հանդեպ: Միջազգային հանրությունը պատասխանատվություն ստանձնելով պետք է տեր կանգնի Արցախի ժողովրդի իրավունքներին եւ ապահովի այդ ժողովրդի պաշտպանությունը»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

Անդրադառնալով Արցախում պարենային անվտանգության խնդրին, պետնախարարն ասել է, որ արցախցիները մեծ եռանդով շարունակում են մշակել իրենց հողը, անկախ նրանից, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ակտիվացել են կրակոցները գյուղատնտեսական աշխատանքներ կատարողներ խաղաղ բնակիչների ուղղությամբ:

«Արցախում նույնիսկ դեղորայքը հաշվելով են օգտագործում, բայց, այս ամենին զուգահեռ, պետք է տեսնեք, թե մարդիկ ինչ եռանդով են ներգրավված գյուղատնտեսական աշխատանքներում, ինչպես են ամբարում բերքուբարիքը, պլաններ կառուցում հետագա ամիսների ու տարիների հետ կապված: Այսօրվա պայմաններում ինձ բազմաթիվ քաղաքացիներ են դիմում բնակարանային պայմանների բարելավման կամ էլ նոր բնակարան կառուցելու համար միջոցներ հատկացնելու համար: Մենք իրականությունից չենք ուզում կտրվել, իրապես, խնդիրները շատ են, բայց պետական մարմինները պետք է լինեն քաղաքացու կողքին:

Հիմա մարդկանց հետ շփումներից մենք ենք էներգիա, ոգեւորություն ենք ստանում, եւ առաջ գնալու, մեր ապագան կառուցելու վճռականություն է ձեւավորվում: Այո, մարդիկ չեն ուզում նվնվալ, ներկայացնել պարենային խնդիրները, որովհետեւ երբ գիտես, թե ինչ է դրված կշեռքի նժարին, դու սկսում ես մտածել՝ արդյոք արժե մյուս նժարին դնել ուտելիքը, եւ հասկանում ես, որ ո՛չ, կշեռքի նժարին դրված է մի բան, որի հետ ոչինչ չի կարող համեմատվե»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

Հիմա եթերում