Արցախում ադրբեջանցիների իրականացրած հանցագործությունները պետք է փաստագրվեն. Անն-Լորանս Պետել

12 Հոկտեմբերի 2023, 17:00

Քաղաքականություն

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը հայտարարել է, որ Արցախում ադրբեջանցիների կատարած հանցագործությունները պետք է փաստագրվեն, որպեսզի ունենան հիմնավոր ապացուցողական բազա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պատգամավորն ասել է Արցախից բռնի տեղահանվածների հետ Գորիսում կայացած հանդիպման ժամանակ։

Անն-Լորանս Պետելի կարծիքով՝ դա նրանց հնարավորություն կտա խոսել այս ամենի մասին և կիրառել արդյունավետ հակազդման միջոցներ:

«Ֆրանսիայում ապրող շատ հայեր այս օրերին մեզ ներկայացրել են տեսանյութեր, որոնցում երևում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանցիների հանցագործությունները: Եվ շատ կարևոր է, որ այդ դրվագները փաստագրվեն, այսինքն՝ պետք է հստակ նշվի, թե երբ և որ բնակավայրում են կատարվել հանցագործությունները, որպեսզի ապացուցողական բազան բավականաչափ ուժեղ լինի, որպեսզի օգնի մեզ բարձրացնել իրազեկությունը և արդյունավետ հակաքայլեր ձեռնարկել», — ասաց Պետելը:

Անդրադառնալով բռնի տեղահանվածների, հայ ռազմագերիների վերադարձի և Արցախի ռազմական ու քաղաքական էլիտայի ներկայացուցիչների ձերբակալությունների կարևոր հարցերին՝ քաղաքական գործիչը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում այդ առիթով քննարկումներ են տեղի ունեցել:

«Հանդիպում է տեղի ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահի մասնակցությամբ, որի ընթացքում նա խնդրել է իրեն տրամադրել բոլոր ռազմագերիների և կալանավորված պաշտոնյաների ցուցակը, որպեսզի առաջիկայում այդ կապակցությամբ քննարկումներ կազմակերպեն», — պատմել է նա: