Արցախում ցեղասպանություն է իրականացվում, մեզ օգնություն է պետք. ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

11 Սեպտեմբերի 2023, 17:20

Քաղաքականություն

Լաչինի միջանցքն ապաշրջափակելուն ուղղված նախաձեռնության՝ Unblock-ի անդամները մի քանի օր է՝ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց լուռ ակցիա են իրականացնում:
Alpha News-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Լաուրա Պողոսյանն ասաց, որ կենդանի պատ շարելով միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչությունների դիմաց ՝ նպատակ ունեն հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

Unblock նախաձեռնությունը ակցիաներ է նախատեսում նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցչության դիմաց:

«Կենդանի պատեր շարելուց, շենքերը շրջափակելուց հետո նախատեսվում է անզեն երթ իրականացնել Հակարիի կամուրջ: Մեզ 5000-ից 10 000 հայ է անհրաժեշտ, որպեսզի միասին գնանք Լաչինի միջանցք ու բացենք այն: Սա մեր ակցիաների սկիզբն է: Պետք է հասնենք այն արդյունքին, որ 24/7 ռեժիմով այստեղ երկու ժամը՝ մեկ, հերթափոխով կանգնած լինեն 300 հայեր»,- ասաց Լաուրա Պողոսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց ակցիային:

Ադրբեջանի պատճառով Արցախում ստեղծված իրավիճակը նրա բնորոշմամբ՝ հավասար է ցեղասպանության: Լաուրա Պողոսյանը միջազգային կառույցներից պահանջում է սատարել Արցախին:

«Մեզ օգնություն է պետք, միջազգային կառույցներն, առաջին հերթին, պետք է իրենց բարոյական աջակցությունը հայտնեն, մեր կողքին լինեն: ՄԱԿ-ը, Կարմիր Խաչը մեծ դեր ունեցող կառույցներ են, նրանք պետք է հասկանան իրավիճակն ու մեզ աջակցեն»,- հավելեց նա: