Արցախում հնչելու են հայկական շվին ու դուդուկը. Գագիկ Ադամյանի առաքելությունը

24 Օգոստոսի 2023, 08:33

Հայեր

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի շրջանավարտ, շվիահար-դուդուկահար Գագիկ Ադամյանը քաղաքում արդեն ճանաչում ունի: Դասավանդում է Տողի, Հադրութի արվեստի, Կոմիտասի անվան երաժշտական դպրոցներում: Նվագում է Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբում, երիտասարդ երաժիշտների կողմից ստեղծված «Նովա բենդ»-ում: «Արցախթերթի» հետ զրույցում Գագիկը ասել է, որ երեխաներին հին հայկական գործիքներ նվագել սովորեցնելու առաքելությունը շատ կարևոր է իր համար:

«Իմ մեջ պայքարելու մեծ ցանկություն կա` այս ասպարեզում պակասը լրացնելու: Արցախում աշխատելն ինձ համար մեծ պատիվ է: Լինելով շնորհալի պատանի երաժիշտների ուսուցիչը, հասցնելով նրանց հաջողությունների` ես մեծ ուրախություն եմ ապրում: Նրանց հաջողություններն իմ հաջողություններն են»:

Գագիկ Ադամյանը ծնվել, մեծացել է Հադրութի շրջանի Տող գյուղում: Ստեղծագործական ուղին սկսել է Տողի արվեստի դպրոցից: Նրա հաջողությունների գրավականը ոչ միայն բնությունից տրված շնորհն է, այլև աշխատասիրությունն ու ճշտապահությունը: Գագիկը արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է: Վիրավորվել է, ռազմի դաշտում ընկերներ կորցրել:

2021-ին զորացրվել ու ուսումը շարունակել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում` շվի-դուդուկի բաժնում: Այս տարի Գագիկը ընդունվել է կոնսերվատորիա: Նա հավատում է՝ ամեն ինչ լավ է լինելու ու պատվով են հաղթահարելու Արցախում ստեղծված իրավիճակը: