Արցախում կատարվածը Ցեղասպանություն էր. Շահան Գանտահարյանը՝ Լիբանանում կազմակերպված համաժողովի արդյունքների մասին
26 Ապրիլի 2024, 12:24
Alpha News-ի ուղիղ եթերում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը խոսել է ապրիլի 20-22-ին Անիթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից կազմակերպված «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականն՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» միջազգային համաժողով մասին։
Մանրամասներ ներկայացնելով համաժողովից՝ նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ անցկացված համաժողովի բացմանը ելույթ է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Նա նաև դասախոսությամբ է հանդես եկել:
«Օկամպոն երկու աշխատություն է հրապարակել, որտեղ ընդգծել է, որ Ադրբեջանը շրջափակել է Արցախը, մարդկանց ենթարկել է սովամահության, պատերազմ է սկսել, ինչպես նաև իրականացրել է ռազմական հանցագործություններ: Օկամպոն այս ամենը բնութագրել է որպես ցեղասպանություն»,- ասել է Գանտահարյանը։
Նրա խոսքով՝ քննարկումներին հրավիրված էր նաև ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Ընդհանուր առմամբ, ըստ մեր զրուցակցի՝ համաժողովին մասնակցում էին 30 պատմաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ և քաղաքագետներ Հայաստանից, Արցախից և այլ երկրներից։
«Այս կարևոր համագումարը անցկացվեց Անթիլիասում և պատահական չէ, որ դա տեղի ունեցավ Ապրիլի 24-ի նախօրեին, որովհետև ևս մեկ անգամ խոսվեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի կիրառած ցեղասպանության մասին, ինչպես նաև Արցախի ժողովրդի՝ հայրենիք վերադարձի իրավական ուղիների մասին»,- նշել է Շահան Գանտահարյանը:
Ըստ նրա՝ Լիբանանում նաև Ջահերով երթ է անցկացվել, որի ընթացքում երթի մասնակիցները ուղերձ են հղել Լիբանանի լրատվական խմբագրություններին։
«Հետաքրքրական էր, որ համագումարը զուգադիպեց Միջազգային քրեական դատարանում առաջին հայցադիմումի ներկայացմանը՝ Ադրբեջանի կիրառած այս հանցագործությունների դեմ: Հայ քաղաքական երեք կուսակցությունների նախաձեռնությամբ էլ ապրիլի 23-ի գիշերը ջահերով երթ էր կազմակերպել՝ Բուրջ Համուդից դեպի Անթիլիաս, դեպի Մայրավանք, որտեղ նաև խոսել են երեք կուսակցությունների ներկայացուցիչները: Ընթերցվել է կուսակցությունների անունից Լիբանանի լրատվական, տեղեկատվական շրջանակներին ուղղված հատուկ հաղորդագրությունը: Վերջում պատգամ է հղել Արամ Առաջին Վեհափառ Հայրապետը: Սրանք էին ընդհանուր առանցքային ու ամենակարևոր միջոցառումները»,- եզրափակել է Շահան Գանտահարյանը: