Արցախում ստիպում են հայ բնակչությանը մահանալ, իսկ աշխարհն այլ կողմ է նայում. Մարսել Քեորողլյան

16 Սեպտեմբերի 2023, 19:40

Քաղաքականություն

Ուրուգվայցի դերասան Մարսել Քեորողլյանը սեպտեմբերի 13-ին լրագրող Գոնսալո Կամմարոտայի «PH Uruguay» ծրագրի ընթացքում խոսել է Հայոց ցեղասպանության և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված շրջափակման մասին։

«Մենք բոլորս գիտենք, որ Ուրուգվայն առաջին երկիրն էր, որն աջակցեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Բայց, վերջերս այստեղ բացվեց Թուրքիայի դեսպանատունը: Դա ինձ սարսափելի ցնցեց, առավել ևս, երբ թուրքերը խնդրեցին բացել իրենց դեսպանատունն ապրիլի 24-ին, այն օրը, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունն Ուրուգվայում և ամբողջ աշխարհում։ Նրանց դա թույլ տրվեց, որովհետև Ուրուգվայը բանակցում է Ազատ առևտրի գոտու մասին: Ես հասկանում եմ դա. բոլորս պետք է վաճառենք այն, ինչ արտադրում ենք, բայց կան բաներ, որ չպետք է վաճառվեն»,-ասել է Քեորողլյանը։

Վերջինս խոսել է արցախահայերի խնդրի մասին՝ շեշտելով. «Ամիսներ առաջ նրանք ստիպված էին ձմեռել առանց գազի։ Այսօր չեն թողնում, որ սննդամթերք, մարդասիրական օգնություն մտնի այնտեղ։ Մարդիկ սկսել են սովից մահանալ։ Արցախը շրջափակված է Թուրքիայով և Ադրբեջանով, որոնք նույնն են։ Նրանք ստիպում են հայ բնակչությանը՝ 120 000 մարդու մահանալ, իսկ աշխարհն այլ կողմ է նայում»։