Արցախում տեղի ունեցածը` ՀՀ իշխանության, արտաքին քաղաքական ու դիվանագիտական տապալման հետևանք. Գոհար Մելոյան
02 Հոկտեմբերի 2023, 22:00
Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, ՀՀ քաղաքական իշխանության, արտաքին քաղաքական ու դիվանագիտական տապալման հետևանքն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
«Ադրբեջանը, իր արտաքին քաղաքական ուղեծրին հավատարիմ մնալով, փորձեց վերջնանպատակին հասնել։ Արցախի հետ կատարվածը նաև ՀՀ քաղաքական իշխանության, արտաքին քաղաքական ու դիվանագիտական տապալման հետևանքն է, որովհետև դա է հիմք ծառայում այս ողջ պրոցեսին, մասնավորապես, խոսքը Պրահայի փաստաթղթի մասին է, որով Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ, ըստ իր խոսքերի, ընդգրկվոմ է ողջ Արցախի Հանրապետությունն ու նաև Հայաստանի ինքնիշխան Հանրապետության որոշակի տարածքներ, այսպես կոչված, ադրբեջանական անկլավներ անվանմամբ»,- նշել է մեր զրուցակիցը։
Գոհար Մելոյանը նաև նշում է, որ, ըստ Հայաստանի վարչապետի, «ադրբեջանական այդ անկլավները» Տավուշի, Արարատի մարզերում են․
«Վերջին օրերին տեղի ունեցավ հայոց պատմության ողբերգական դրվագներից մեկը։ Սեպտեմբերի 19-ը համարում եմ Արցախյան 3-րդ պատերազմ։ Դժբախտաբար, եզրահանգումը այդ իրավական ակտն էր։ Պետք է ընդգծել, որ, ըստ էության, կարելի է ցեղասպանություն անվանել Արցախում տեղի ունեցածը, էթնիկ զտումներ տեղի ունեցան մեր արցախահայության նկատմամբ։
Այս փաստաթուղթը առ ոչինչ փաստաթուղթ է, որևէ կերպ թիրախավորել Արցախի նախագահին դա ստորագրելու համար, անշնոհակալ գործ է, որովհետև այդ փաստաթուղթը փաստացի որոշակի գործընթացների ու հարկադիր ուժի կիրառման հետևանք է եղել, այլընտրանք մնացած չի եղել։»,- շեշտել է սահմանադրագետը։