Արցախում վերջին իրադարձությունները խնդիր են Իտալիայի կառավարության համար. La Repubblica
21 Սեպտեմբերի 2023, 14:55
La Repubblica թերթը հայտնում է, որ Ադրբեջանը մի քանի ամիս բանակցություններ է վարել Իտալիայի հետ սպառազինություն գնելու համար։
Պարբերականի տեղեկություններով՝ Բաքուն խնդրում է ուսումնական ինքնաթիռներ, ավտոմատներ, զենիթային ինքնագնաց կայանքներ, ռազմատրանսպորտային ինքնաթիռներ և սուզանավեր, ընդհանուր արժեքը գնահատվում է 1-2 մլրդ եվրո: Բանակցություններն ընթացել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև:
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններն այժմ խնդիր են Իտալիայի կառավարության համար:
«Բոլոր պայմանագրերը մինչ օրս արգելափակված են UAMA-ի հատուկ գերատեսչության թույլտվության բացակայության պատճառով, որը վերահսկում է իտալական սպառազինությունների մատակարարման թույլտվությունների տրամադրումը։ 1992 թվականի կանոնների համաձայն՝ զենքը չի կարող վաճառվել ռազմական հակամարտության մեջ գտնվող երկրին», — գրում է La Repubblica-ն։
Պարբերականի փոխանցմամբ՝ Բաքուն սկսել է այլընտրանքային արտադրողներ փնտրել Թուրքիայում և Իսրայելում: