Արցախը 3 ընտրության առջև է կանգնած. Աբրահամ Գասպարյան

29 Մայիսի 2023, 16:21

Կարծիք

Քաղաքագետ, Ջենեսիս Արմենիա ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանին չի զարմացրել Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունն ուղղված Արցախի ժողովրդին, որոնց հոխորտացել է, թե հայերի՝ «Միացում» գիրքը փակված է:

Ըստ նրա՝ Ալիևի հայտարարությունը պետք է դիտարկել նախորդ մի քանի տարվա ընթացքում դիտարկված Բաքվի հռետորաբանության համատեքստում:

2019-ին Իլհամ Ալիևը միջազգային հարթակներում ուշագրավ հայտարարություն է արել Արցախի ճակատագրի վերաբերյալ, որը հայկական լրատվադաշտի ուշադրությունից վրիպել է:

Ալիևն ասել է, որ Ղարաբաղում 30.000 հայ պետք է մնա, Արցախը շրջափակման ենթարկվի, տարբեր միջոցառումներ ձեռնարկվեն, որոնք դժվարին կացության մեջ կդնեն արցախահայությանը՝ Էներգետիկ ճգնաժամերից սկսած մինչև տրանսպորտային ուղիների փակում, որը կհանգեցնի Հայաստանի հետ կապի խափանմանը:

Վերջնական ելքը պիտի լինի Արցախի կապիտուլյացիան:

Աբրահամ Գասպարյանի վերլուծության համաձայն՝ Հայաստանի իշխանության ներկայցուցիչների հանձնվողական քաղաքականության հետևանքով Արցախի հայերը երեք ընտրության առջև են կանգնած՝ մարդիկ կա՛մ պիտի ընտրեն զինյալ պայքարի ուղին, թե ինչ միջոցներով, որտեղից, ինչ կապով, դա այլ քննարկման թեմա է, կա՛մ պիտի ամբողջությամբ Ադրբեջանին հանձնվեն, և Հայաստանը ձեռքերը վերջնականապես հետ քաշի այս խնդրից:

Երրորդ տարբերակի համաձայն՝ արցախցիները պիտի դիմեն ռուսական կողմին անվտանգային միջամտության նպատակով, որ Արցախի հայությունն այնպիսի կարգավիճակ ստանա, որը նրանց չի սպառնա հերթական պոգրոմներով և ցեղասպանվելու վտանգի առջև չի կանգնեցնի:

Մանրամասները լսել ձայնային հաղորդագրության հատվածում: