Արցախը երբեք անցյալ չի համարվելու․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
02 Փետրվարի 2024, 21:52
Արցախի նկատմամբ մեր զգացումները չեն մարելու։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Արցախի խնդիրը, Արցախի հայաթափումը, այն ամենն, ինչ կատարվեց Արցախի հետ, իհարկե, որպես բաց վերք մնալու է բոլոր այն մարդկանց հոգիներում, որոնք Հայաստանի, հայության ապագայի, հայկական ինքնության նկատմամբ շարունակում են ունենալ հավատարմություն, որոշակի էմոցիոնալ կապվածություն։ Դժբախտաբար, երբեմն այդպես չէ մեր շրջապատում, օրվա իշխանությունների օրակարգում։ Քաղաքական պատասխանատվությունն այդ հարցում եկեղեցունը չէ, միամտություն կլինի կարծել, որ Արցախի պահպանության խնդիրը եկեղեցունը չէ, որ իր ինստիտուցիոնալ գործիքակազմով կարող պիտի լինի պահպանել»,- ասել է մեր զրուցակիցը։
Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նշել է, որ պետության այս դիմակայության պայմաններում՝ դժվար է Արցախի օրակարգը սպասարկել։
«Համենայնդեպս, ֆորմալ պետութան գոյության պայմաններում՝ այդ գործիքակազմերը պատկանում են պետությանը, արտաքին քաղաքական, ներքին կառավարման ռեսուրսները ամբողջապես գտնվում են իրենց տնօրինության տակ և պետության տոտալ դիմակայության պայմաններում դժվար է Արցախի պահպանության օրակարգ սպասարկել։ Վեհափառն էլ վերջերս բարձրաձայնեց իր դիրրքորոշումը, որ Արցախի նկատմամբ մեր զգացումները չեն մարելու ու Արցախը երբեք անցյալ չի համարվելու»,- ասել է Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նա ընդգծել է, որ եկեղեցու արած քայլերը՝ Արցախի հայկականության պահպանման համար, բավարար չեն։
«Եկեղեցուն հասանելի բոլոր ճանապարհներով սպասարկվելու է Արցախի հայկականության հարցը, Արցախի հայկականության օրակարգը։ Այդ ուղղությամբ արված քայլերն, իհարկե, բավարար չեն՝ կապված այն կարգավիճակի հետ, որ ունի եկեղեցին ու կապված այն ոլորտի հետ, որը ձևավորվել է իշխանությունների կողմից՝ կապված Արցախի հայկական ինքնությունը ուրանալու հետ։ Ամեն դեպքում, տեսնում եք, որ այդ ազգային կոնցեպտը եկեղեցու կողմից շարունակվում է պահպանվել ու Արցախը շարունակվելու է մնալ եկեղեցու հիշողության մեջ»,- եզրափակել է Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։