Արցախը միասնական է. 100 գործիչ գործողությունների փաթեթ է մշակել. Մետաքսե Հակոբյան
24 Մայիսի 2023, 14:21
Alpha News-ն իր ուղիղ եթերում կապ է հաստատել Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ և զրուցել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ին արած հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ երկրի վարչապետը Լեռնային Ղարաբաղն ընդունել էր որպես Ադրբեջանի մաս:
Նույն օրը ուշ երեկոյան Արցախի օրենսդիրում արտահերթ նիստ էր հրավիրվել և այդ հայտարարությունը դատապարտող հաղորդագրություն տարածել:
Alpha News-ը հետաքրքրվել է պատգամավորից, թե այդ հայտարարությունից հետո որոնք են լինելու արցախցի գործիչների քայլերը: Մետաքսե Հակոբյանը տեղեկացրել է, որ Արցախում ավելի քան 100 քաղաքական և հասարակական գործիչ համատեղ պատրաստել է գործողությունների հերթականության փաթեթ, թե ինչ քայլերի պիտի դիմի Արցախը տարբեր հնարավոր սցենարների զարգացման դեպքում: Այն արդեն փաստաթղթային տեսք ունի, որի շուրջ ճակատ է ձևավորվում:
«Սպասել կամ ամեն անգամ հայտարարությունների ու քննադատությունների շարան հնչեցնել՝ դա նույնն է, ինչ լինես ՀՀ գործող իշխանության օրակարգի մեջ»,- շեշտել է Հակոբյանն ու հավելել, որ Արցախի հարցում հայկական երկրորդ Հանրապետության իշխանությունն ու ընդդիմությունը միասնական են, սակայն այն լծակները, որ ունի իշխանությունը և չի օգտագործում որպես իշխանություն, Արցախի խորհրդարանական ընդդիմության համար անընդունելի է.
«Այս գործընթացում շատ կարևոր է իշխանության դերակատարումը, որը, ցավոք սրտի, մեզ համար բավարար չէ»,- իր խոսքը եզրափակել է Մետաքսե Հակոբյանը: