Արցախը պետք է ազատ և անկախ լինի. հոկտեմբերի 1-ին Բրյուսելում համաեվրոպական հանրահավաք կանցկացվի

12 Օգոստոսի 2023, 00:20

Կարծիք

Արցախի հայության ցավը մեր ցավն է, և մեզ համար առանց Արցախի Հայաստանի ապագան ապագա չէ: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Փարիզի «Սատար Արցախին միության» վարչական խորհրդի անդամ Նելլի Սերկիսյանը՝ անդրադառնալով Արցախի ապաշրջափակման խնդրին:

«Մենք երկու ամիս առաջ հազար հոգու առջև կարդացինք Արցախից ստացված նամակները և ներկայացրինք, թե ինչպես են արցախցիներն այսօր ապրում այնտեղ և ինչ են երազում նրանք այս օրերին: Նշեմ նաև, որ մեր ֆրանսիացի լրագրողները «Ֆիգարո»-ում հոդված են հրապարակել Արցախի ճանապարհը բացելու մասին, և 70 սենատորներ ստորագրել են այդ հոդվածի տակ: Մենք նաև Շարլ Միշելին ուղված նամակ ենք ուղարկել Եվրոպական խորհուրդ, և մեկ ամսվա մեջ կարողացանք 500 ստորագրություն հավաքել հայկական և ոչ հայկական միություններից, որոնք միացան նամակին»,- ֆրանսահայերի իրականացրած աշխատանքներն է ներկայացրել Սերկիսյանը:

Նա վստահեցրել է՝ մինչև չհասնեն իրենց ուզած արդյունքին, կանգ չեն առնելու:

«Մեզ մի բան հույս է տալիս, որ Ֆրանսիայում բոլոր միությունները միասին են աշխատում: Մենք կարողացանք հասնել նրան, որ Ֆրանսիայի մեր ուժը տարածվի նաև Եվրոպայում: Ու այդպես ավելի մեծ արդյունք ունեցանք: Հոկտեմբերի մեկին եվրոպական տարբեր երկրներից հայերը գնալու են Բրյուսել հանրահավաք անցկացնելու: Եվ սեպտեմբերին մենք ևս հանրահավաք ենք անելու Ֆրանսիայում, որ շատ մարդիկ տեղեկական և միանան: Բայց երիտասարդները և տարեցներն այժմ էլ ցույցեր են անում Բրյուսելում՝ Շառլ Միշելի գրասենյակի դիմաց: Նրանք ցուցանակներով պահանջում են, որ Արցախը ազատ և անկախ լինի, քանի որ Արցախը ապագա ունի»,- եզրափակել է Սերկիսյանը:

Հիմա եթերում