Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Հայաստանի հետ. Արշակ Աբրահամյան

19 Հուլիսի 2023, 17:23

Քաղաքականություն

Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Հայաստանի հետ։ Արցախում կտրականապես դեմ են ադրբեջանական մթերքների ներմուծմանը՝ լինի «հումանիտար օգնություն», թե շատ էժան գնով ապրանք։ Այս մասին հայտարարել է «Արցախի Անվտանգության զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը ՝ անդրադառնալով շարժման երիտասարդական թևի և մի խումբ արցախցիների կողմից Ասկերան-Ակնա ճանապարհն արգելափակելու բողոքի ակցիային:

«Մենք հստակ նշել ենք որ դա մեզ համար հանդիսանում է կարմիր գիծ․ Արցախը սոցիալապես և տնտեսապես իր կապը պետք է պահի միայն Հայաստանի հետ։ Մեր հիմնական պահանջների մեջ առաջնային է մնում Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի ապամոնտաժումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է նա՝ հավելելով, որ ստեղծված հումանիտար աղետի պայմաններում որպես կարճաժամկետ և հրատապ լուծում պահանջում են հումանիտար օդային միջանցքի տրամադրում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» անդամները Աղդամ-Ասկերան ճանապարհահատվածը փակել են բետոնե արգելապատնեշներով: Արշակ Աբրահամյանը նշել էր, որ տեղը պատահական չէ ընտրված, թույլ չեն տալու, որ հումանիտար բեռների անվան տակ սկսեն ադրբեջանական ինտեգրացիան: Ակնայի (Աղդամ) ճանապարհով Արցախին օգնություն ուղարկելու պատրաստակամության մասին խոսել էին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Հիշեցնենք, նաեւ, որ Անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել էր, որ թույլ չեն տալու հումանիտար բեռների փոխադրման նպատակով օգտագործել Ասկերան-Աղդամ ճանապարհը: