«Արցախյան գորգերի առեղծվածը». Ստեփանակերտում տեղի է ունեցել գորգերի ցուցահանդես
19 Մայիսի 2023, 01:00
Մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունեցել արցախյան գորգերի ցուցահանդես՝ «Արցախյան գորգերի առեղծվածը» խորագրով։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանն նշել է, որ թանգարանի կողմից տասնամյակների ընթացքում հավաքագրվել են բազմաթիվ գորգեր, որոնք պահվում են ֆոնդերում և դրանց ցուցադրության կարիք է զգացվում:
«Փորձում ենք այդ հավաքածուները հանրայնացնել ժամանակավոր ցուցահանդեսների և նման ցուցադրությունների ձևով, որովհետև որոշակի աշխուժություն են մտցնում թանգարանային գործունեության մեջ և առանց դրա թանգարանը պահեստի կվերածվի»,- ասել է Ժ․ Առստամյանը:
Նա նշել է, որ Արցախում գորգագործությունը զարգացած էր վաղնջական ժամանակներից, ինչի մասին վկայում են հայտնաբերված դիպակագործական ու քաթանագործության աշխատանքային գործիքները, ոսկորից պատրաստված կտուտիչները, որոնք վերաբերում են Քրիստոսից առաջ երկրորդից առաջին հազարամյակներին։
Մեր զրուցակցի խոսքով՝ արցախյան գորգերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք աչքի են ընկնում իրենց նուրբ ճաշակով, գործվածքի խտությամբ, խավի բարձրությամբ, ողորկությամբ։
Ցուցահանդեսին ներկայացված են վերջին տարիներին են թանգարանի կողմից հավաքագրված գորգերի 10-ից ավելի նմուշներ։
Միջոցառմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։