Արցախյան վերջին դեպքերից հետո Հայ դատի գրասենյակը հիասթափված է Բայդենի վարչակազմից․ Սարգիս Բալխյան
05 Մարտի 2024, 22:30
Հայ դատի արևմտյան գրասենյակը նախնական ընտրություններից առաջ երկու ուղղություններով է աշխատել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Բալխյանը։
Առաջինն, ըստ նրա, քաղաքացիական ծրագիրն է, որը գործում է շուրջ 10-ը տարի։
«Այդ ծրագրում խրախուսում ենք մեր հայրենակիցներին, արևմտահայ համայնքին գնալ և մասնակցել ընտրություններին, քանի որ որքան շատ հայեր մասնակցեն ընտրություններին, այդքան ավելի ուժեղ կլինեն հայկական լոբբիի դիրքերը։ Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին գալ և մասնակցել տեղի ընտրություններին։ Հայ դատի գրասենյակը հատկապես Կալիֆորնիա նահանգում, որտեղ կա գրեթե մեկ միլիոնանոց հայ համայնք, առաջարկել է քվեարկել մի քանի թեկնածուների օգտին։ Մենք սատարում ենք այդ թեկնածուներին և խրախուսում ենք, որ մեր հայրենակիցները գնան և քվեարկեն այդ թեկնածուների օգտին։ Ցավոք, մյուս նահանգներում չկան հայ թեկնածուներ, բայց Կալիֆորնիայում բազմաթիվ թվով հայ թեկնածուներ կան։
Հայ թեկնածուներից բացի հավանություն ենք տվել նաև օտարերկրացի թեկնածուների, որոնք հայերի կողքին են կանգնում։ Օրինակ՝ Սենատի ընտրություններին Հայ դատի արևմտյան գրասենյակը հավանություն է տվել Ադամ Շիֆին։ Նա տասնյակ տարիներ շարունակ եղել է հայ համայնքի կողքին և փորձել է օգնել հայկական հարցերի դեպքում»,- նշեց Բալխյանը։
Խոսելով Բայդենի վարչակազմի վարած քաղաքականությունից՝ նա ընդգծեց, որ Հայ դատի գրասենյակը ամբողջովին հիասթափված է։
«Հայ դատի գրասենյակը ամբողջովին հիասթափված է Բայդենի վարչակազմի վարած քաղաքականությունից՝ հատկապես Արցախում տեղի ունեցածից հետո։ Արցախում ցեղասպանություն եղավ, բայց նրա վարչակազմը բացառել էր էթնիկ զտումը Արցախում։ Բայց ինչպես տեսանք, ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվելով, Արցախը վերջում հայաթափվեց բռնի ուժով, իսկ Բայդենի վարչակազմը ոչ մի էական քայլ չարեց այդ ամենը կանխելու համար, նույնիսկ պատժամիջոցներ չկիրառեց Ադրբեջանի դեմ։ Հայ դատի հանձնախումբը միշտ ակնկալել է, որ իշխող վարչակազմերը պետք է հայանպաստ քաղաքականություն վարեն և լինեն հայերի կողքին, ինչը, ցավոք, այդպես էլ չտեսանք», — ընդգծեց նա։