Արդյո՞ք գինը չափազանց բարձր չէ. Ռուսլան Պուխովը՝ Հայաստանի և Ֆրանսիայի ռազմական համագործակցության մասին
24 Հոկտեմբերի 2023, 11:30
Ռուս ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի կողմից ֆրանսիական սպառազինության առաջիկա գնումը և մեկնաբանել հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության հավանական պատճառները:
«Ես կարծում եմ, որ ուղղակի վնաս, դժվար թե հասցվի, քանի որ սպառազինությունների գնումը յուրաքանչյուր պետության ինքնիշխան որոշումն է։ Ինչպես հիշում եք, Ռուսաստանն ինքն է Ֆրանսիայից «Միստրալներ» գնել, որոնց գնման պատմությունը, սակայն, ոչնչով չի ավարտվել։ Իսրայելից զենք է գնել Ռուսաստանը, Մեծ Բրիտանիայից՝ դիպուկահար հրացաններ։ Աշխարհի ոչ մի երկիր սպառազինությունների ամբողջական համալիր չի արտադրում։ Դրանում ոչ մի վատ բան չկա:
Սակայն, այստեղ կա երկու ասպեկտ, որոնք ինձ՝ որպես սպառազինությունների վերահսկման ոլորտի մասնագետի, մտահոգում են։ Առաջին ասպեկտը շատ մեծ ցրվածություն է։ Վերջերս ինչ-որ բան են գնել Հնդկաստանից, այժմ Ֆրանսիայից:
Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե սպառազինություն է գնվում, այլ ինչ-որ քաղաքական աջակցություն կամ երախտագիտություն։ Եվ, ըստ երևույթին, այնքան էլ չեն խորհրդակցում զինվորականների հետ։ Որքանո՞վ է դա համատեղելի: Ինչպես գիտեք, Հնդկաստանի հրետանու տրամաչափերը այլ են՝ ի տարբերություն հայկականի, որի տրամաչափերը խորհրդային են և ռուսական։ Հետեւաբար, այստեղ կարող է առաջանալ համատեղելիության խնդիր:
Երկրորդ կետը այն է, որ հաճախ սպառազինությունների անվան տակ, ինչպես ես էի ասում, գնվում է կա՛մ ինչ-որ աջակցություն, կա՛մ ինչ-որ ճիշտ քվեարկություն ՄԱԿ-ում։ Հարցն այն է, որ Հայաստանն ուղղակի հարվածի տակ է, նրան պետք է զենքով պատերազմել։ Իսկ ի՞նչ կարող է տալ, ասենք, նույն Ֆրանսիան Հայաստանին։ Իրերն իրենց անուններով կոչենք։ Դե, Մակրոնի երկու թվիթ, մեկ այլ բանաձեւ Սենատում (Ֆրանսիա): Արդյո՞ք գինը չափազանց բարձր չէ»,- նշել է Պուխովը։