«Արդյոք պետք է բացել Պանդորայի արկղը». Լապշինը՝ Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի հանցագործի մասին
26 Փետրվարի 2024, 22:00
Ռուսաստանին քննադատելը հեշտ է, բայց Մոսկվան երբեք չի ձերբակալել ոչ հայերին, ոչ ադրբեջանցիներին, որոնք հետախուզվում էին Երևանի կամ Բաքվի կողմից։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
«Քաղաքական տեսանկյունից, իհարկե, հեշտ է քննադատել Ռուսաստանին, հիմա դա շատ տարածված է… Բայց եթե իրավիճակին կողքից նայենք, ՌԴ- ն ոչ մի անգամ չի ձերբակալել ոչ հայերին, որոնք գտնվում էին ադրբեջանական հետախուզման մեջ, ոչ էլ Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցիների: Սա շատ կարևոր պահ է, քանի որ Ադրբեջանն էլ է տասնյակ մարդկանց նկատմամբ հետախուզում հայտարարել, այդ թվում նաև դիմել Է ՌԴ-ին՝ նրանց ձերբակալելու նպատակով։ Բայց Ռուսաստանը երբեք դա չարեց, որպեսզի շարունակի ինչ-որ միջնորդական դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտությունում։ Գոնե այդպես էր 3 տասնամյակ։
Պատկերացրեք՝ եթե Ռուսաստանի Դաշնությունը սկսեր տարբեր քաղաքներում ձերբակալել Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ հայտնված մարդկանց (անհասկանալի է, արդյոք այդ մարդիկ հանցագործություն կատարել են՝ հաշվի առնելով ադրբեջանական ծախված, բացահայտ հանցավոր իշխանությունը)»,- ընդգծել է բլոգերը։
Ռուսաստանն, ըստ Լապշինի, պահպանել է չեզոքություն՝ «ոչ ձեզ, ոչ մեզ»։
«Եկեք պատկերացնենք, որ ՌԴ-ն ձերբակալել է Զեյնալլիին, Հայաստանին իրավունք է տվել ուղարկել բոլոր փաստաթղթերը և հանձնել նրան։ Իմ անձնական փորձից (ես ձերբակալվել եմ Բելառուսում Ադրբեջանի պահանջով՝ կապված իրավական փոխօգնության մասին Մինսկի նույն կոնվենցիայի հետ՝ Արցախ այցելելու պատճառով), ինձ բացարձակապես ապօրինի են արտահանձնել ՝ փաստաբանների հետ շփվելու հնարավորություն չտալով։ Բելառուսի Գերագույն դատարանը քննարկել է բողոքը: Մեզ երեք օր պահել են ոստիկանությունում, իսկ Ադրբեջանը ուղարկել է բոլոր փաստաթղթերը։
Ինձ ոչ ոք չազատեց, նրանք ինձ նույնիսկ սահմանված 48 ժամից ավելի երկար էին պահում և սպասում էին, որ Բաքուն ուղարկի թղթերը։ Արդյունքում ես արտահանձնվեցի՝ չնայած ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իսրայելի բողոքներին։ Սա շատ երկիմաստ հարց է։ Իսկ պետք է բացե՞նք Պանդորայի արկղը։ Ասենք, որ Հայաստանը կընդուներ այս մարդուն, բայց վաղը ադրբեջանցիները հարյուրավոր հայերի նկատմամբ հետախուզում կհայտարարեին: Եվ պատկերացրեք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է նրանց կալանավորի և արտահանձնի Բաքու։ Ինչպե՞ս մենք դա կընկալեինք՝ հաշվի առնելով Ադրբեջանի՝ բացարձակապես ոչ լեգիտիմ, հանցավոր իրավական համակարգը»,- նշել է Լապշինը։
Նրա խոսքով, Ադրբեջանը, անկասկած, կփորձեր սպանել այս մարդուն, երբ նա հայտնվեր հայկական բանտում։
«Սպանել, որ այդ սպանության մեղքը բարդվի հայկական կողմի վրա: Ինձ վրա հարձակվել են նաև ադրբեջանական բանտում, ծեծի ենթարկվել եմ կիսով չափ: Եվ ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Ադրբեջանը մեղավոր ճանաչվեց Եվրոպական դատարանի կողմից իմ անօրինական ձերբակալության, դաժան խոշտանգումների և սպանության փորձի համար։ Ո՞վ կատարեց բանտում իմ դեմ մահափորձը: Ակնհայտ է, որ ոչ թե նա, ով գործում էր ի շահ Ալիևի, այլ ընդդեմ նրա։ Այնպես որ, լավ մտածեք, Հայաստանում կան ադրբեջանցի գործակալներ, նրանք նույնպես հայկական բանտերում են։ Մտածեք այս ասպեկտների մասին»,- եզրափակել է Լապշինը: