Արենի Մարկոսյանի մուտքն արգելված է ՀՀ, նրա անձնագիրը վերցրել են հետադարձ տոմսը ձեւակերպելու համար. ՄԻՊ-ի գրասենյակ

02 Օգոստոսի 2023, 13:07

Քաղաքականություն

Սփյուռքահայ, ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցություն ստորաբաժանման անդամ Արենի Մարկոսյանի մուտքն արգելված է Հայաստան, օդանավակայանում նրա անձնագիրը վերցրել են՝ հետադարձ տոմսը ձեւակերպելու համար: Տեղեկությունը, Alpha News-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին օգոստոսի 1-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ «Զվարթնոց» օդանավակայանում առգրավել են իր անձնագիրը։ ՄԻՊ աշխատակազմից կապ են հաստատել պետական իրավասու մարմնի գործընկերների հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Փոխանցված տեղեկատվությունը ներկայացվել է քաղաքացուն։ Պաշտպանի աշխատակազմից քաղաքացուն խնդրել են նաեւ հնարավոր խնդիրների դեպքում կրկին զանգահարել թեժ գծին, սակայն հետադարձ զանգ չի ստացվել։

Այնուհետեւ, գիշերը՝ 24:00-ի սահմանում, թեժ գծին է զանգահարել պատգամավոր Քրիստինե Վարդանյանը եւ նշել, որ քաղաքացին դեռեւս օդանավակայանում է։ Վերոգրյալի հաշվառմամբ ՝ կապ է հաստատվել քաղաքացու հետ, ով նշել է, որ անձնագրի հետ կապված խնդիրը լուծվել է, եւ անձնագիրը վերադարձվել է իրեն, սակայն Հայաստան մուտք գործելու խնդիրը չի լուծվել։ ՄԻՊ աշխատակազմն անմիջապես հարցը քննարկել է իրավասու մարմնի գործընկերների հետ։ Օգոստոսի 2-ի առավոտյան ՄԻՊ աշխատակազմից կապ են հաստատել քաղաքացու հետ՝ պարզելու՝ արդյո՞ք խնդիրները վերջնական լուծվել են։ Քաղաքացին, սակայն, հայտնել է, որ անձնագիրը կրկին վերցրել են։

Կապ է հաստատվել իրավասու մարմնի ներկայացուցչի հետ, ով տեղեկացրել է, որ նրա մուտքը ՀՀ արգելված է, եւ անձնագիրը վերցրել են հետադարձ տոմսը ձեւակերպելու համար։ Նշված տեղեկությունները ՄԻՊ աշխատակազմից փոխանցել են քաղաքացուն, միեւնույն ժամանակ, պարզաբանվել են իր նկատմամբ կիրառված արգելքն ու իրավապահ մարմինների գործողությունները բողոքարկելու կարգը, ինչպես նաեւ այս հարցի վերաբերյալ Պաշտպանի լիազորությունների շրջանակը։ Հարցի քննարկման շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր պարզաբանումներ է պահանջելու պետական իրավասու մարմիններից։ Հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասվում է ՄԻՊ-ի գրասենյակի պարզաբանման մեջ՝ ի պատասխան Alpha News-ի հարցման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանից Հայաստան ժամանած ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանի մուտքն արգելվել է: Արենին երեկ երեկոյան էր ժամանել Հայաստան: Նա գիշերն անց է կացրել օդանավակայանում: Արենի Մարկոսյանը վերջին մեկ տարվա ընթացքում 6-րդ սփյուռքահայն է, որի մուտքը Հայաստան արգելվել է: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին էլ Նիդեռլանդների քաղաքացի Ասլան Ասլանյանի մուտքն էր արգելվել Հայաստան: Նրան որեւէ բացատրություն կամ հիմնավորում չէր ներկայացվել:

Ասլան Ասլանյանը Հայաստան էր գալիս ընտանիքի ու երեխաների ընկերների հետ արձակուրդն անցկացնելու համար: Հավելենք նաեւ, որ 2022 թվականի հուլիսի 13-ին ֆրանսահայ հասարակական գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF France) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքն էր արգելվել ՀՀ՝ նույն սցենարով: Այնուհետեւ Նիդեռլանդների քաղաքացիություն ունեցող Սյունե եւ Մասիս Աբրահամյաններն էին ճանաչվել անցանկալի անձ Հայաստանի համար: Հայրն ու դուստրը պատրաստվում էին Սյունիքում մասնակցել ՀՅԴ ARF Youth Office-ի նախաձեռնած կամավորական ճամբարներին: 2023-ի հունվարին էլ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական կազմակերպության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքն է արգելվել Հայաստան: Նժդեհը համոզմունք էր հայտնել, որ իրենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դեմ է՛լ ավելի են մեծացրել ճնշումը, եւ հավանական էր համարել, որ Ադրբեջանի դեսպանատան վրա գործադրված այդ ճնշումները դուր չեն եկել ՀՀ իշխանությանը: