Արենս դեռ տուն չէր հասել ու լսվեց առաջին պայթյունը. Գոհար Սարգսյան

08 Նոյեմբերի 2023, 22:30

Քաղաքականություն

Աշոտ Ղուլյանի անվան դպրոցի դասղեկ Գոհար Սարգսյանը Alpha News-ի հետ զրույցում պատմում է դպրոցում իր անցկացրած վերջին ժամերի մասին:

«Այդ օրը սովորականի պես բոլորս գնացինք դպրոց: Իմ դասղեկական դասարանում անգլերենի դասաժամ էր: Փորձեցի հանգստանալ, մի բաժակ սուրճ խմել: Հանկարծ ներս մտավ մեր ուսուցիչներից մեկը և ասաց, որ զանգել են իր երեխայի մանկապարտեզից և ասել, որ իրավիճակը լարված է, պետք է բալիկներին տանել: Միշտ լավատես էի, խոսակցությունների չէի հավատում, այս անգամ սիրտս մի տեսակ վախեցավ»:

Գոհար Սարգսյանը վազելով գնացել է դասասենյակ և իր լսածը ցածրաձայն պատմել մի ուրիշ ուսուցչի այնպես, որ երեխաները հանկարծ չլսեն: Ուսուցչուհու խոսքով՝ նույն դպրոցում են սովորել նաև իր երկու երեխաները, որ պայթյունի պահին եղել են տուն գնալու ճանապարհին: