Պաշտոնական Բաքուն ձգտում է բարձրացնել խաղադրույքները. Անդրեյ Արեշևը՝ Ալիևի նոր պահանջների մասին

10 Դեկտեմբերի 2024, 00:17

Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ի եթերում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» տարածքի և այն ադրբեջանցիներով բնակեցնելու անհրաժեշտության վերաբերյալ:

«Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման, ինչպես գիտենք, բավական երկար ժամանակ է, ինչ շրջանառվում է Կասպից ծովի ափերին։ Իլհամ Ալիևի կառավարությունը ստեղծում է համապատասխան հասարակական կազմակերպություններ, և պարբերաբար հնչում են տարբեր փորձագետների հայտարարություններ «Արևմտյան Ադրբեջանի» ինչ-որ կառավարության մասին։ Եվ նույնիսկ ինչ-որ զինված կազմավորումների ստեղծման մասին։

Չնայած այն հանգամանքին, որ այս ամենը պետք է դիտարկել հռետորաբանությանը համահունչ, միևնույն ժամանակ դա ճնշման այնպիսի լծակ է Հայաստանի իշխանությունների վրա, որոնց թուլությունից Բաքվում շտապում են օգտվել և, ըստ էության, իրականում նրանք դա չեն թաքցնում:

Չգիտեմ՝ կարելի՞ է այս հայտարարությունը տարբեր կերպ մեկնաբանել։ Դա ինչ-որ կերպ կարելի է համեմատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության բարձր աստիճանի մասին Երևանի հայտարարությունների հետ։ Բայց ամեն դեպքում, որոշ խաղեր են ընթանում:

Իմ կարծիքով՝ Բաքուն ակնհայտորեն ձգտում է բարձրացնել խաղադրույքները: Այն, ինչ իրականում համաձայնեցված է Բաքվի և Երևանի միջև, բավականին դժվար է ասել, բայց ինքնին Իլհամ Ալիևի կողմից հարց բարձրացնելը, այդ թեման պետական մակարդակով բարձրաձայնելը վկայում է այն մասին, որ Բաքուն միանգամայն վճռական է տրամադրված»,- կարծում է փորձագետը։

Նրա կարծիքով՝ ադրբեջանական կողմը զննել է քաղաքական հողը և գիտի, թե Հայաստանի որ թույլ կողմերի վրա կարելի է ճնշում գործադրել իր շահերին հասնելու համար։

«Կողմերը գործում են՝ ելնելով իրենց հնարավորություններից։ Եթե Բաքուն նման բան է հայտարարում, դա նշանակում է, որ նրանք ակնհայտորեն հիմքեր ունեն ենթադրելու, որ Երևանը կլսի դա։ Իսկ թե ինչ պատասխան կտան Հայաստանում, դա, այսպես ասած, հարց է այդ երկրի ներկայիս իշխանությունների համար»,- ընդգծել է Արեշևը։

Անդրադառնալով հայ հասարակության որոշ հատվածի մտահոգություններին՝ կապված Հայաստանում ադրբեջանական և հայ բնակչության հնարավոր հարևանության հետ՝ Անդրեյ Արեշևը նշել է, որ հիմնական դերը խաղալու է հասարակական կարծիքի քարոզչությունը։

«Ստեղծված իրավիճակում ամեն ինչ հնարավոր է։ Լուրջ տեղեկատվության և քարոզչական մշակման դեպքում հասարակությունը կարող է բավականին շատ բանի համաձայնվել։ Ցանկացած հասարակություն, ոչ միայն հայկական»,- ամփոփել է Alpha News-ի զրուցակիցը։

Հիմա եթերում