«Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» ձևակերպումը արևմտյան նարատիվ է. Կարեն Իգիթյան

20 Օգոստոսի 2024, 20:30

Կարծիք | Քաղաքականություն

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է 8-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում 19-րդ դարում Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացումը որպես բռնակցում ներկայացնելուն:

Կարեն Իգիթյանը մանրամասն նկարագրել է պատմական այդ ժամանակահատվածում Արևելյան Հայաստանի ծանր կացությունը, որին հաջորդել են ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները, ինչի արդյունքում էլ Արևելյան Հայաստանը միացել է Ռուսական կայսրությանը:

«1600-ականների սկզբից մինչև 1828 թվականը, Արևելյան Հայաստանի բնակչությունը նվազել էր գրեթե 10 անգամ, 1 մլնից ավելի բնակչությունը դարձել էր 150 000: Երբ ավարտվեցին ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմները, Ռուսաստանը Արևելյան Հայաստանում սկսեց հայերի վերաբնակեցման ծրագիր: 40 000 հայ Պարսկաստանից վերադարձավ, ևս 90 000 հայ վերաբնակեցվեցին Արևմտյան Հայաստանից և Արևելյան Հայաստանում այդ ժամանակ կար մեծ բնական աճ, և ընդամենը 90 տարի անց հայերի թիվն անցավ մեկուկես միլիոնը, ինչն էլ մեզ դեմոգրաֆիկ հնարավորություն տվեց ստեղծել Առաջին Հանրապետությունը, հետո արդեն այդ հիմքի վրա ստեղծվեց Երկրորդ Հանրապետությունը՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, և 1991 թվականին ունեցանք Երրորդ Հանրապետությունը»,- շեշտում է Կարեն Իգիթյանը:

Փորձագետը շեշտում է, որ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին որպես բռնակցում ներկայացնելն այն ժամանակ Պարսկաստանում իշխող ղաջարների արքայատոհմի և արևմտյան երկրների մոտեցումն էր:

«Ղաջարները բրիտանացիների դաշնակիցներն էին, ունեին համապատասխան պայմանագրեր, որով բրիտանացիները զինում էին պարսկական բանակը, ֆինանսավորում էին պատերազմը: Այսինքն՝ հրահրողը բրիտանացիներն էին: Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին որպես բռնակցում ներկայացնելը արևմտյան նարատիվ է: Բայց հայկական բնակչության, Հայ առաքելական եկեղեցու և մելիքությունների տեսանկյունից սա ազատագրում էր, որովհետև այդ ժամանակ ամբողջ Հայաստանում տիրում էր իսլամական իրավունքը, ինչը սահմանում էր ոչ հավասար իրավունքներ ու պարտավորություններ և հայ ժողովուրդը ճնշված էր, խանական իշխանությունները չարաշահում էին իրենց լիազորությունները, հայերը թալանվում էին, ջարդերի էին ենթարկվում, գաղթում էին, իսկ այդ պայմաններում, երբ եկավ Ռուսական կայսրությունը, վերացվեց իսլամական իրավունքը և ստեղծվեց նոր իրավական համակարգ, որտեղ կար հավասարություն: Հայերն ազատված էին նաև հարկերից, բանակում ծառայելու պարտավորությունից, տասնամյակներ անց միայն սկսեցին զորակոչվել ու ամենակարևորը ստեղծվեց Հայկական մարզը: Սա, հայ ժողովրդի համար իսկապես ազատագրում էր»,- նշում է Կարեն Իգիթյանը:

Նա պնդում է՝ հայ մասնագետների կողմից Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին որպես բռնակցում ներկայացնելը վրիպակ լինել չէր կարող: Իգիթյանը դասագրքի հեղինակների այս մոտեցումը կապում է արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իշխանությունների որդեգրած քաղաքականության հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում