Արևմուտքի նպատակը Հայաստանին «հակառուսական» դարձնելն է. Ալեքսանդր Դուդչակ

26 Հունիսի 2024, 21:30

Քաղաքականություն

ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Դուդչակը մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Եվրամիությունը (ԵՄ) անհամատեղելի են։

Փորձագետի կարծիքով՝Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին նախազգուշացում է Հայաստանի համար։

«Օվերչուկի հայտարարությունը միանգամայն արդարացի է, դա հիշեցում է, նախազգուշացում, բայց դժվար թե Երևանում նրան ականջալուր լինի ներկայիս հակաժողովրդական և կոռումպացված իշխանությունը։ Իշխանությունն իր գործն անում է, գնում է դեպի այն նպատակը, որը դրել է ոչ հայ ժողովուրդը։ Ոչ ոք չի պատրաստվում Հայաստանը ներառել Եվրոպական Միության կազմում։

Բայց քանի որ սա իբր այդքան ցանկալի նպատակ է, դրան հասնելու ճանապարհին Հայաստանը կվերածվի Աստված գիտի ինչի, համենայնդեպս նրանցից կպահանջվի կատարել ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական պահանջներ։ Օրինակ՝ եվրոպական այս բոլոր ժամանակակից արժեքների որդեգրման պահանջները։ Հայերը ստիպված կլինեն Երևանում գեյ-շքերթների գնալ, սա եվրաինտեգրման անբաժանելի մասն է, նրանք չեն կարող ապրել առանց դրա»,- ասել է Դուդչակը։

Փորձագետի կարծիքով՝ իրենք հայ ժողովրդին հիմարացնելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չեն դարձրել հերթական հարվածային գործիքը Ռուսաստանի դեմ:

«Ցավալի է դիտել այն փորձը, որն իրականացվում է Հայաստանի վրա։ Սա առաջին երկիրը չէ, որն անցնում է դրա միջով, իսկապե՞ս դժվար է դասեր քաղել ուրիշների սխալներից: Սրանից օգտվում են նրանք, որոնք ուկրաինական ճանապարհով Հայաստանը անդունդ են տանում։ Եվ չնայած նրան, որ Փաշինյանը երկիրը տանում է սխալ ճանապարհով, այնուամենայնիվ, նա մնում է իշխանության ղեկին։

Եվրոպական ինտեգրման ճանապարհով շարժման հնարավոր արդյունքների հաշվարկներն ու գնահատականները ԶԼՄ-ներում չեն հայտնվի։ Այնպես որ, հայ ժողովրդին հիմարացնելը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չեն դարձրել հերթական հարվածային գործիքը Ռուսաստանի դեմ։ Միակ խնդիրը, որ հետապնդում է Արևմուտքը, Հայաստանից հերթական հակառուսաստանն անելն է, այլ ոչ թե հայ ժողովրդին բարգավաճում բերելը, տնտեսության զարգացումը, կենսամակարդակի բարձրացումը: Նման բան իրենց առաջ չեն դնում նրանք, որոնք Հայաստանը քաշում են դեպի Արևմուտք։

Ի վերջո, Հայաստանը ոչ մի տեղ չի գնա, չի ընդունվի Եվրամիություն, բայց կհեռանա Ռուսաստանից և կմնա առանց որևէ բանի»,- եզրափակել է Դուդչակը։