Արևմուտքից պահանջ կա, որ Հայաստանը բանակցությունները չվերադարձնի ռուսական հարթակ. Կարեն Իգիթյան
20 Օգոստոսի 2024, 22:05
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը հայ-ադրբեջանական բանակցությունները ռուսական հարթակ տեղափոխելու Մոսկվայի ջանքերը կապում է տարածաշրջանում ռուսական ազդեցությունը չկորցնելու հետ:
«Ռուսաստանը տեսնում է, որ իրեն դուրս են մղում տարածաշրջանից և փորձում է ինչ-որ ձև մնալ այս տարածաշրջանում մինչև Ուկրաինայի հարցերը կարգավորվեն և կարողանա ավելի լուրջ տեսքով վերադառնալ: Դա ինչպե՞ս կարող է անել: Ադրբեջանն այսօր շատ ավելի ուժեղ երկիր է, քան Հայաստանը, նույնիսկ Արցախից դուրս վռնդեցին ռուսական զորքը: Բայց Ռուսաստանն ուզում է մնալ Հարավային Կովկասում և դրա համար շատ հարմար է Հայաստանը, չնայած Փաշինյանի կառավարությունը մասնակցում է ռուսական զորքերի դուրսմղմանը Հայասանից: Իսկ Ադրբեջանը ռուսներին ասում է՝ մենք ձեր հետ համաձայն ենք, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կետ կար, որում նշվում էր, որ կլինի ռուսական վերահսկողություն, մենք դեմ չենք: Ադրբեջանը շատ խելացի խաղ է խաղում, նախ գնացին Արևմուտք, կատարեցին նրանց կողմից եղած պահանջները, հիմա էլ ռուսներին հարցնում են,թե ինչ են ուզում: Իրենց շահը համադրում են ուրիշ երկրների շահերի հետ, որպեսզի այդ պահին դաշնակից ունենան և ստանան այն, ինչ ուզում են: Դա եղավ նաև Արցախի հարցում, երբ արևմտյան հարթակում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: «Զանգեզուրի միջանցքի» հարցը ևս կարողանում են համապատասխանեցնել Ռուսաստանի հետ, չնայած Ռուսաստանին այդ միջացքը պետք չէ, Ռուսաստանին պետք է ինչ-որ տեղ, որտեղ ամրագրված կլինի, որ իրենք զորք ունեն»,- ասում է Կարեն Իգիթյանը:
Կարեն Իգիթյանը դժվարանում է ասել՝ ռուսական հարթակում հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսումը հնարավոր կլինի՞, թե՝ ոչ, շեշտելով, որ դա կախված է նաև հայկական կողմից:
«Ռուսաստանն այսօր քաղաքական ու ռազմական լծակներ չունի Հարավային Կովկասում, բայց տնտեսության տեսանկյունից ունի և պարբերաբար ցույց է տալիս, որ այդ լծակները կան: Քանի որ Ռուսաստանի ազդեցությունը թուլացել է, Հայաստանը փորձում է բոլոր հարցերը լուծել այնպես, ինչպես իրենց կասեն Արևմուտքից: Այսինքն՝ Հայաստանը չի ցանկանում բանակցությունները վերադարձնել ռուսական հարթակ, որովհետև այդպես են ասում Արևմուտքից»,- ընդգծեց Կարեն Իգիթյանը:
Հիշեցնեմ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-ից 19-ը պետական այցով Բաքվում եղած ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն ասել էր, որ Մոսկվան պատրաստ է մասնակցել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն այն մասով, որը պահանջված կլինի երկու երկրների կողմից։
Այս հայտարարությանը Ալիևը չէր արձագանքել, սակայն ավելի ուշ ռուսական «Իզվեստիային» տված հարցազրույցում արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, որ ռուսական հարթակն ընդունելի է Բաքվի համար, մինչդեռ Երևանն ըստ Բայրամովի՝ վերջին շրջանում անհամաձայնություն է հայտնել այդ հարթակին:
Մանրամասները՝ տեսանյութում: