Արևմուտքը չի փրկելու Հայաստանը. Կոնստանտին Սիվկով
26 Հուլիսի 2023, 20:15
Ռուս ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը Alpha News-ին մեկնաբանել է հուլիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների արդյունքները։
Նրա կարծիքով, անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց հարցն այն է, թե ինչ քաղաքականություն են վարում այդ երկրները։
«Այն դիրքորոշումը, որին հավատարիմ են մնում Ադրբեջանը և մասամբ Հայաստանը՝ հրավիրելով Արևմուտքի ներկայացուցիչներին, վտանգ է ներկայացնում այս տարածաշրջանում ռուսական ազդեցության համար»,- նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ առանց իրավիճակը կրիտիկական կետի հասցնելու՝ ի տարբերություն Արեւմուտքի, որը նպատակ ունի տարածաշրջանում ռազմական հակամարտություն հրահրել։
«Արևմուտքն ու Թուրքիան շահագրգռված են այնտեղ հակամարտություն բռնկելու և Ռուսաստանին պատերազմի մեջ ներգրավվելու անհրաժեշտության առաջ կանգնեցնելու համար։ Փաշինյանը չի թաքցնում իր եվրոպամետ և ամերիկամետ վեկտորը արտաքին քաղաքականության մեջ։ Ռուսաստանը չի ցանկանում լքել տարածաշրջանը, նա Հայաստանին համարում է բարեկամ պետություն, ՀԱՊԿ անդամ, բացի այդ, այնտեղ տեղակայված են ռուսական ռազմակայաններ։ Հայաստանի ղեկավարությունը պետք է շատ լավ հասկանա, որ Արևմուտքը չի փրկելու Հայաստանը։ Հասկանալի է, որ Ադրբեջանը չի պատրաստվում օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու հարցը»,- պարզաբանել է փորձագետը։
Խոսելով Ռուսաստանի ներկայիս դիրքորոշման մասին՝ Կոնստանտին Սիվկովն ընդգծել է, որ Մոսկվան կձգտի խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«Իհարկե, Ռուսաստանը ձգտելու է ապահովելու, որ խաղաղ պայմանագիրը ստորագրվի, և նշանակություն չունի՝ որտեղ դա կկնքվի։ Գլխավորն այն է, թե ով է լինելու միջնորդը։ Եթե Հայաստանը Ռուսաստանին համարում է բարեկամ երկիր, ապա պետք է իրեն համապատասխան պահի։ Եթե Հայաստանը կենտրոնանա այլ երկրների վրա, ապա հայ ժողովուրդը պետք է հստակ հասկանա, թե դա ինչ հետեւանքների կբերի»,- եզրափակել է փորձագետը։