Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ Միխայիլ Գալուզին
15 Փետրվարի 2026, 11:54
Երևանը մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
«Միևնույն ժամանակ, շարունակում ենք ուշադիր հետևել գործընկերների քայլերին արևմտյան երկրների հետ հարաբերություններում, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորություններին դրանց համապատասխանության տեսանկյունից»,- նշել է Գալուզինը:
Գալուզինի խոսքով՝ Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք։
«Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանն արագացնում է ռազմաքաղաքական ու տնտեսական մերձեցումն արևմտյան երկրների ու միավորումների հետ։ Մեր հայ գործընկերներին բազմիցս ասել ենք, որ Արևմուտքի համար Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ հակադրության մեջ»,- ասել է նա։
Ըստ Գալուզինի, Երևանում գիտեն Մոսկվայի սկզբունքային գնահատականները ԵՄ-ին անդամակցելու և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության անհամատեղելիության մասին։ Նա ընդգծել է, որ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումներին անցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով։
«Հույս ունենք, որ հանրապետությունում կառաջնորդվեն պրագմատիզմով. հայկական տնտեսության աճի բարձր տեմպերը, գնաճի ցածր մակարդակը, կայուն ազգային արժույթը, հայկական արտադրանքի սպառման ընդարձակ շուկան. այս ամենի գրավականը Ռուսաստանի հետ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունն է»,- նշել է փոխնախարարը։
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը, ինչպես և նախկինում, Երևանին համարում է Մոսկվայի բնական դաշնակիցը Հարավային Կովկասում։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ռազմավարական կարգավիճակն ամրագրված է հարուստ իրավապայմանագրային հենքով։
«Մենք միշտ կողմ ենք եղել ուժեղ և իսկապես ինքնիշխան հայկական պետությանը։ Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցությունն այլընտրանք չունի։ Մեր երկրների ու ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես ձևավորում են հանրապետության և ընդհանուր տարածաշրջանի կայուն զարգացման հիմքը։ Երկկողմ համագործակցությունը, համակարգված աշխատանքն ընդհանուր եվրասիական կառույցների շրջանակում Հայաստանի ապագա բարգավաճման գրավականն են»,- ասել է Գալուզինը։