Արևմուտքը Հայաստանում կարող է տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների մասին. Գալուզին

12 Հուլիսի 2024, 09:49

Քաղաքականություն

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքը։ Նրա խոսքով, հիմքեր կան ենթադրելու, որ Արևմուտքը հետախուզական տվյալներ է հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարակից բոլոր պետությունների վերաբերյալ։

«Մենք բացասաբար ենք գնահատում ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում, ինչի մասին բազմիցս ասվել է»,- հիշեցրել է նա։

Գալուզինի խոսքով, «Եվրամիության խնդիրն ակնհայտ է և կայանում է նրանում, որ փորձի ամրապնդվել տարածաշրջանում՝ ի վնաս հարավկովկասյան պետությունների ավանդական գործընկերների և հարեւանների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի շահերի»։

«Մենք ԵՄ դիտորդների աշխատանքից որևէ շոշափելի արդյունք չենք տեսնում»,- ընդգծել է նա։

Գալուզինը նշել է նաև, որ «նրանց ներկայությունը չի կանխել հայ-ադրբեջանական սահմանին պարբերական սրացումները»։

«Նրանք իրենց զեկույցներն ուղարկում են անմիջապես Բրյուսել և չեն կիսում դրանք նույնիսկ հայկական կողմի հետ։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ արևմտականները տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարակից բոլոր պետությունների վերաբերյալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։