Արևմուտքը կփորձի ազդել Հայաստանի ընտրական գործընթացի վրա․ Անդրեյ Պերլա
05 Մարտի 2026, 21:30
Քաղաքագետ Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա արևմտյան երկրների հնարավոր ազդեցությունը՝ այն տեղեկությունների ֆոնին, որ Երևանը Բրյուսելից խնդրել է «օպերատիվ արձագանքման խումբ»՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար։ Նա նաև գնահատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրական դիրքերը և ընտրությունների հնարավոր հետևանքները երկրի արտաքին քաղաքականության համար:
Քաղաքագետի խոսքով՝ միանգամայն հնարավոր է այնպիսի զարգացում, որ Փաշինյանը կարող է կորցնել վարչապետի պաշտոնը։
«Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի դիրքերը այնքան էլ բարենպաստ չեն։ Նախընտրական հարցումներից արտահոսող տվյալները վկայում են, որ նրա կուսակցությունը վճռորոշ առավելություն չունի։ Հնարավոր են այնպիսի զարգացումներ, որոնց դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է կորցնել վարչապետի պաշտոնը, իսկ դրա հետ մեկտեղ փոխվի նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ դեպի Ռուսաստանի կողմնորոշում և հակադրություն ԵՄ ու ԱՄՆ շահերին։
Այդ դեպքում հարցականի տակ կարող են հայտնվել նաև մի շարք նախագծեր, որոնք առաջ են մղվում Արևմուտքի աջակցությամբ․ մասնավորապես՝ այսպես կոչված «Թրամփի երթուղու» ստեղծման ծրագրերը, ինչպես նաև ատոմակայանի փակման և դրա փոխարեն ամերիկյան ատոմակայան կառուցելու նախաձեռնությունը և այլ ծրագրեր։
Եթե ելնենք այս տրամաբանությունից, ապա հասկանալի է դառնում Արևմուտքի ձգտումը փորձելու ազդել Հայաստանի ընտրական գործընթացի վրա։ Այդ թվում՝ այն մեթոդներով, որոնք, քննադատների կարծիքով, կիրառվել են Մոլդովայում։ Այնտեղ, ինչպես հայտնի է, քաղաքացիների զգալի մասը փաստացի սահմանափակվել էր քվեարկելու հնարավորությունից։ Խոսքը, օրինակ, Ռուսաստանում բնակվող բազմաթիվ մոլդովացիների, ինչպես նաև Մերձդնեստրի բնակիչների մասին է։ Միևնույն ժամանակ, Եվրամիության երկրներում բնակվող մոլդովական սփյուռքի համար, հակառակը, ստեղծվել էին առավել բարենպաստ պայմաններ քվեարկությանը մասնակցելու համար։
Հենց նման մոտեցումն է, այս տեսակետի կողմնակիցների կարծիքով, թույլ տալիս Եվրամիությանը ընտրություններում ապահովել իր համար ցանկալի արդյունք։ Ըստ երևույթին, նմանատիպ, մեղմ ասած, ոչ խորհրդարանական մեթոդներ կարող են փորձել կիրառել նաև Հայաստանում»,- եզրափակել է Պերլան։