Արևմուտքը Ղարաբաղը դիտարկում էր որպես խոչընդոտ Հայաստանին իր շահերի մեջ ներքաշելու համար. Անդրեյ Սիդորչիկ
02 Հուլիսի 2024, 22:30
Ռուս լրագրող, քաղաքագետ Անդրեյ Սիդորչիկը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի դերը ղարաբաղյան հարցում և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունն այն մասին, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանավորվածությունների հասնելու բացառիկ հնարավորություն կա:
Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքը Ղարաբաղը դիտարկում էր որպես խոչընդոտ Հայաստանին իր շահերի ուղեծիր ներքաշելու, այսինքն՝ Կովկասում իր բազան ստեղծելու համար։
«Այստեղ առաջնային է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը, այլ արևմտյան շահերի պաշտպանությունը։ Արևմուտքի կողմից Ղարաբաղը դիտարկվում էր որպես խոչընդոտ Հայաստանին իր շահերի ուղեծիր ներքաշելու, այսինքն՝ Կովկասում իր բազան ստեղծելու համար։ Այդ պատճառով այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր ազատվել Ղարաբաղից և փորձել կատարվածի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի Դաշնության վրա, ինչն, ըստ էության, պաշտոնական մակարդակով հնչեցվել է։
Պետք է պարզապես նկատի ունենալ, որ երբ Բլինքենը (ԱՄՆ Պետքարտուղարության ղեկավար) խոսում է խաղաղության համաձայնագրի մասին, դա ոչ մի կերպ չի նշանակում, որ այդ խաղաղության համաձայնագիրը հարմար է երկու կողմերի համար։ Այս խաղաղ համաձայնագիրը հարմար կլինի Արևմուտքի համար, և դա չի ենթադրում, ասենք, ինչ-որ պետական արժեքների, առաջնահերթությունների պահպանում Երևանի համար։
Ղարաբաղն, անշուշտ, խոչընդոտ էր Արևմուտքի համար։ Հայկական քաղաքականության մեջ կար միանգամայն հստակ ղարաբաղյան խումբ, որն Արևմուտքի կողմից համարվում էր ոչ այնքան հարմար բանակցային գործընթացի համար։ Արևմուտքն իր սցենարը բավականին հստակ է իրականացնում։ Եվ երբ Բլինքենը խոսում է այն մասին, որ կարելի է խաղաղություն հաստատել, չպետք է մոռանալ, որ Հայաստանի դեպքում դա միշտ խաղաղություն կլինի ուժեղ կողմի պայմաններով։ Այսինքն՝ այն զիջումները, որոնք արդեն արվել են Փաշինյանի կառավարության կողմից (ՀՀ վարչապետ), իմ կարծիքով, վերջնական չեն լինելու։ Մենք կարող ենք խոսել հնարավոր տարածքային և տնտեսական կորուստների մասին», — ասել է Սիդորչիկը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղն ի սկզբանե պատմական մեծ խնդիր էր։
«Այլ հարց է, որ ինչ-որ փուլում Միացյալ Նահանգները, ներգրավվելով այդ հարցում, չունենալով ինչ-որ խաղաղապահ կարգավորման լծակներ, սկսել են այդ պատմությունն օգտագործել ի շահ իրենց», — ընդգծել է Սիդորչիկը։
Փորձագետի խոսքով՝ Արևմուտքի խնդիրն է դուրս մղել Ռուսաստանին և նվազեցնել նրա ազդեցությունը կովկասյան տարածաշրջանում:
«Արևմուտքը պետք է իրագործի իր հայեցակարգը, իսկ դրանում Հայաստանի ազգային շահերի պաշտպանությունն ընդհանրապես գլխավոր խնդիրը չէ։ Մենք պետք է հասկանանք, որ այստեղ հարցը նույնիսկ խաղաղության համաձայնագրի մեջ չէ, այլ Ռուսաստանին դուրս մղելու և կովկասյան տարածաշրջանում նրա ազդեցությունը նվազեցնելու փորձի մեջ, ինչը, ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում է»,-եզրափակել է Սիդորչիկը։