«Արևմտյան Ադրբեջան»-ի մասին խոսակցությունն անգամ քննարկման ենթակա չէ. Ալեքսանդր Ցինկեր

10 Դեկտեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու նոր պահանջի մասին:

Փորձագետի կարծիքով՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին խոսակցությունն անգամ քննարկման ենթակա չէ։

«Ադրբեջանին կոշտ պատասխան է պետք։ Ժամանակն է դադարեցնել Բաքվի երևակայությունները։ Արևմտյան Ադրբեջանի մասին խոսակցությունն ընդհանրապես քննարկման ենթակա չէ։ Ալիևը դա օգտագործում է Հայաստանի վրա ճնշում գործադրելու տեսանկյունից, նա հասկանում է, որ Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի մասին խոսք լինել չի կարող։ Բաքվի մոտ ամեն անգամ նոր պահանջներ կհայտնվեն՝ հաշվի առնելով այն, որ Ալիևն իրեն ավելի ուժեղ է համարում, և որ Ադրբեջանի ռազմական հզորությունն այսօր ավելի մեծ է, քան Հայաստանի։ Նա կարող է վախեցնել սահմանին ինչ-որ զինված գործողություններով, ուստի այսօր շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կվարվի Հայաստանի կառավարությունը։ ՀՀ-ն պետք է իրեն պաշտպանի, եթե Ադրբեջանի նախագահին թվա, թե կարող է ռազմական գործողություններ սկսել և այդ կերպ հասնել իր նպատակներին։ Այն քաղաքական և ռազմական աղմուկի ներքո, որն այսօր տեղի է ունենում աշխարհում, այն է՝ իշխանափոխություն Ամերիկայում, իրադարձություններ Մեծ Մերձավոր Արևելքում, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ, Ալիևը կարող է փորձել ինչ-որ բան անել Հայաստանի հետ սահմանին։ Եվ մենք պետք է ինքներս հասկանանք, թե ով կարող է պաշտպանել Հայաստանին, եթե բանը հասնի դրան», — ասել է Ցինկերը։

Նա նաև նշել է․ «Սա Ալիևի հերթական շահեկան գաղափարն է, որովհետև մի կողմից դա արգելք է, որը թույլ չի տալիս խաղաղության պայմանագիր կնքել, որը Հայաստանը պատրաստ է կնքել, իսկ մյուս կողմից, եթե հանկարծ դրանից ինչ-որ բան դուրս գա, ապա այս իրավիճակում Ադրբեջանն ինչ-որ դիվիդենտներ է ստանում։ Այսինքն՝ ճնշում առաջացնող և ինչ-որ բան պոկելու փորձերը կշարունակվեն։ Այդ պատճառով Հայաստանը պետք է ինչ-որ իմունիտետ զարգացնի նման փորձերի նկատմամբ ևմտածի դրանց կոշտ արձագանքի մասին»։

Հարցազրույցի ընթացքում փորձագետն անդրադարձել է նաև Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիայում տիրող իրավիճակին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին: