«Արևմտյան Ադրբեջանին» սպասելի՞ս

26 Սեպտեմբերի 2023, 22:00

Քաղաքականություն

2018 թվականից մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մշտապես թերագնահատում ենք օբյեկտիվորեն ընթացող գործընթացները, Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անդամների հայտարարությունները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնչեցրած ծրագրերը։

Այսպիսով, շատ քչերը 2018 թվականի մայիսին ճիշտ են գնահատել Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում ասված խոսքերը, երբ նա հայտարարեց, թե «ինքն Արցախի անունից բանակցելու մանդատ չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրվել»։ Սա բանակցային գործընթացի սաբոտաժի առաջին ակտն էր, այլ ոչ թե «Ստեփանակերտի համար բանակցային սեղանի շուրջ տեղ բացելու» փորձ։

Փաշինյանի թիմի անդամի հայտարարությունն այն մասին, որ «2018 թվականի «հեղափոխությունն» ավելի կարևոր էր, քան Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը», նույնպես, ճիշտ չի գնահատվել։

Արցախի Հանրապետությունում սպառնալիքը նույնիսկ անհամաչափ գնահատվեց երբ, 2020 թվականի ամռանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունից անհետացավ «Արցախի Հանրապետություն» քաղաքական ձևակերպումը և փոխարինվեց «Լեռնային Ղարաբաղ» աշխարհագրական եզրույթով»:

Սպասվող սպառնալիքի ըմբռնումը չի եկել, նույնիսկ, 2020 թվականի պատերազմից հետո, այլապես դժվար է բացատրել հունիսի 21-ի գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հայտնվելը, ում մասնակցությունը ընտրական գործընթացին, ակնհայտորեն, չէր սահմանափակվում միայն շտաբ այցելելով:

Ավելին, նույնիսկ Լաչինի միջանցքի շրջափակումը չստիպեց թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքական վերնախավին՝ վերանայել իրավիճակի գնահատականը։ Հիշեք այն բոլոր խոսակցությունները, թե «Արցախին օդային միջանցք է պետք», որ «միջազգային լրատվամիջոցներով Բաքվի վրա ճնշում գործադրելով՝ մենք կարող ենք փոխել իրավիճակը»։ Հիշեք նաև «օդում կախված» խոսակցությունները, թե Արցախում Փաշինյանի գործողություններին քաղաքական գնահատականներ հնչեցնելուց հրաժարվելը հիմնավորվում է նրանով, որ «Երևանը կարող է դադարեցնել Արցախի ֆինանսավորումը»։ Եղել են նաև ավելի փակ քննարկումներ, որոնց ընթացքում պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գործողություններին քաղաքական գնահատականների բացակայությունը բացատրել են նրանով, որ «դա կլինի միջամտություն Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, և նման պատասխանատվություն չի կարելի դնել Արցախի վրա»։ Արդյունքում, չցանկանալով մտնել Հայաստանի քաղաքական գործընթացների մեջ՝ Արցախի բնակիչներն ու նրա պաշտոնական ներկայացուցիչները դարձան Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների մաս։

2018 թվականից նույնը վերաբերում է նաև այն վերլուծություններին, որտեղ նշվում էր, որ «2018 թվականի հայկական գարնան» իրադարձությունները նպատակ են ունեցել ապահովել տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի փոխակերպում, որը չպետք է սահմանափակված լիներ միայն Արցախը Ադրբեջանին հանձնելով, այլև տարածաշրջանից Ռուսաստանի Դաշնության վտարմամբ և հայ-իրանական սահմանի փոխարեն Ադրբեջանի և Թուրքիայի միջև ընդհանուր ցամաքային սահմանի ստեղծմամբ։

Մեր հասարակությունը ճիշտ նույնն արեց Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարությունների հետ՝ ուշադրություն չդարձրեցին, չգնահատեցին, թեև ժամանակ առ ժամանակ ակնհայտ էր դառնում, որ Բաքուն և Անկարան շատ ավելի անկեղծ էին հայ ժողովրդի և Փաշինյանի ընտրողների հետ, քան Հայաստանի իշխանությունը:

Այսպիսով, դեռևս 2019 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը գրել էր այն մասին, որ Բաքվի համար ընդունելի է, որ Փաշինյանը բանակցի՝ «ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության տրամաբանությամբ», այն է՝ Արցախի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության ճանաչումը։

Արցախի և Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավը պատշաճ կերպով չարձագանքեց 2020 թվականի ամռանը Ադրբեջանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, երբ հայ-ադրբեջանական սահմանին «հուլիսյան մարտերից» հետո թուրքական գործոնը կտրուկ ուժեղացավ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում, Ալիեւի կառավարությունում տեղի ունեցան մի շարք կադրային փոփոխություններ, և տարածաշրջան սկսեցին բերվել ինչպես թուրքական զինատեսակներ (անօդաչուներ), այնպես էլ Սիրիայից ահաբեկիչներ։

Պատերազմի ավարտից հետո Իլհամ Ալիևը և Ռ.Թ. Էրդողանը ոչ միայն բազմիցս հայտարարել են, որ «Ղարաբաղի հարցը փակված է», այլ նաև ստորագրել էին «Շուշիի հռչակագիրը» և հստակ ուրվագծել իրենց տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։

Արցախի շրջափակումը սկսելուց գրեթե 10-ը ամիս անց Բաքուն՝ ռազմական ագրեսիայի միջոցով, պատմական այս փուլում լուծեց «Արցախի քաղաքական սուբյեկտայնության և կարգավիճակի» հարցը, իսկ գործողությունից անմիջապես հետո Ալիևն ու Էրդողանը հայտարարեցին Սյունիքի նկատմամբ պահանջների մասին, իսկ Ադրբեջանի խորհրդարանում լսումներ տեղի ունեցան «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. իրավական ասպեկտներ» թեմայով։

Լսումների ժամանակ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչները նոր պահանջներ են ներկայացրել՝ Ադրբեջանցիները պետք է «վերադառնան» Հայաստանի տարածքում գտնվող 300 բնակավայրեր, Հայաստանը մասնավոր գյուղացիական տնտեսություններին, իբր, պատճառել է 2,5 մլրդ դոլարի նյութական վնաս, իսկ պետական տնտեսություններին` 17,5 մլրդ դոլարի չափով։ Եվ այս ամենի համար պետք է «հատուցել» ադրբեջանցիներին:

Սակայն, այժմ էլ տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ներքաղաքական կյանքում պատշաճ արձագանք չեն ստանում։

Միևնույն ժամանակ, Թուրքիայում և Ադրբեջանում հիանալի հասկանում են «կարմիր գծեր» եզրույթի իմաստը և հիանալի հասկանում են, որ կորցրած Արցախով կսկսի իրադարձությունների շղթա, որը կարող է հանգեցնել հայկական պետականության կազմալուծմանը՝ ճիշտ այնպես, ինչպես եղավ Խորհրդային Միության հետ Բեռլինի պատի փլուզումից հետո: Այս ամենը մեզ դրել մի իրավիճակում, որը կարելի է այսպես վերնագրել «Արևմտյան Ադրբեջանին» սպասելի՞ս: