Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը 24-ժամյա հացադուլ է սկսում՝ ի համերաշխություն Արցախի
24 Օգոստոսի 2023, 15:19
«30,000 հայ երեխաների, 20,000 տարեցների և 9,000 հաշմանդամների կյանքը կախված վիճակում է, մենք պահանջում ենք նախագահ Բայդենի և ԱՄՆ Պետդեպարտամենտի դրական քայլերը՝ կանխելու Ալիևի վարչակարգի ձեռքով Հայոց նոր ցեղասպանությունը»:
Այս մասին հայտարարել է Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը։ Կառույցից հայտնել են, որ 24-ժամյա հացադուլ են սկսում՝ ի համերաշխություն Արցախի։ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդը պահանջում է ապահովել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացումը՝ ներմուծելով և հեշտացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը` հաշվի առնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի նկատմամբ ապօրինի հումանիտար շրջափակումը, պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի անդամների նկատմամբ, 100 մլն դոլար ԱՄՆ ՄԶԳ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին՝ Լաչինի միջանցքով ամբողջությամբ շրջափակված 120,000 խաղաղ բնակիչների գոյատևումն ապահովելու համար և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ներկայացնել Արցախում՝ (Լեռնային Ղարաբաղում) ՄԱԿ-ի առաքելություն հիմնելու մասին, որը բաղկացած է 5000 միջազգային զինվորական անձնակազմից՝ ապահովելու բնակչության ֆիզիկական անվտանգությունը:
«Պարո՛ն նախագահ և պարո՛ն նախարար, այժմ հարկավոր են կտրուկ քայլեր՝ երկրորդ Հայոց ցեղասպանությունը կանխելու համար։ Խնդրում ենք, որ առաջնորդողի դեր ստանձնեք՝ պաշտպանելու համար Արցախի 120,000 հայերին և նրանց ինքնորոշման տարրական իրավունքը, հիմնված անջատում՝ հանուն փրկության սկզբունքի վրա»,-հայտարարել է խորհուրդը։