Վանում ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
09 Նոյեմբերի 2024, 17:57
Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում հնագետները հայտնաբերել են ուրարտական շրջանի բազալտե արձան՝ մոտ մեկ տոննա քաշով: Եզակի գտածոյի մասին հայտնել է «Arkeonews»-ը։
«Արձանը տեղափոխել են Վանի թանգարան, որտեղ նախնական հետազոտություններ կանցկացվեն։ Վերականգնումից հետո մենք լրացուցիչ տեղեկություններ կստանանք: Սա ապշեցուցիչ գտածո է մի տարածքում, որտեղ շատ քիչ են ուրարտական եզակի արտեֆակտները», — բացատրել են հեղինակները:
Ուրարտացիները Հայաստանի հնագույն թագավորության ժողովուրդն են, որի կենտրոնը գտնվում էր ժամանակակից Արևելյան Թուրքիայում։ Գիտնականները նշել են, որ այս քաղաքակրթությունն ամենաքիչ ուսումնասիրվածներից է, քանի որ դրանից հետո քիչ քանդակագործական աշխատանքներ են մնացել։ Նախկինում՝ 1995թ-ին տարածաշրջանում ուրարտական առյուծի արձան էր հայտնաբերվել։
«Առաջին անգամն է, որ հանդիպում ենք նման մոնումենտալ եռաչափ արձանի և հուսով ենք ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ հետազոտություններից հետո: Այն հիշեցնում է փորագրված հիմքով, ոճավորված գլխով, քառակուսի պրիզմատիկ մարմնով և չտարբերակված դիմագծերով կերպար: Դժվար է որոշել՝ այն ներկայացնում է աստվածային, թե թագավորական կերպար։ Մենք նույնիսկ դիտարկել ենք այն հավանականությունը, որ դա պոստմոդեռնիստական արձան է»,- ասել են հետազոտողները: