Արհեստական և շինծու գործընթաց. Հայաստանում 400,000 դրամ աշխատավարձ է ստանում միայն 4 ուսուցիչ
06 Հուլիսի 2023, 14:50
Այս տարին հանրակրթության ոլորտում լինելու է կտրուկ փոփոխությունների տարի: Հանրակրթության մասին օրենքում մի շարք փոփոխություններ, որոնք սկսելու են գործել դեռ մինչև ուսումնական տարվա սկիզբը, ըստ մասնագետների, կրթական համակարգը նոր ցնցումների են ենթարկելու: Տարեց, փորձառու, բայց և բարձրագույն կրթության վկայական չունեցող ուսուցիչները մեծամասամբ կլքեն համակարգը, եթե իհարկե 60-ից հետո ԲՈՒՀ ընդունվելու մտադրություն չունենան: Բարձր աշխատավարձ ցանկացողների համար էլ պետությունը մեկ այլ պահանջ է դրել՝ կամավոր ատեստավորումը: Կրթական ոլորտի փորձագետների մեծ մասի համոզմամբ, այս փորձություններով անցնելուց հետո համակարգում շատ քիչ ուսուցիչ է մնալու, ինչն էլ կրթական համակարգը կանգնեցնելու է ճգնաժամի առաջ:
«Ուսուցիչների մոտ 10-ը տոկոսը լքելու է ոլորտը»,- Alpha news-ի հետ զրույցում զգուշացնում է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը: Փորձագետի համոզմամբ, երեխաները մնալու են առանց ուսուցիչների, իսկ փոխարենը՝ որևէ աշխատող միջոց պետությունը չի առաջարկում:
«Ուսուցչական կազմի մեծ մասինի, որն ավագ սերնդի է և ունի մեծ փորձ ու գիտելիքներ, կտրելու, հանելու ենք դպրոցից, նրանց փոխարեն նորերին չբերելով, որովհետև այդքան մասնագետ չունենք, կամ էլ՝ բերելու ենք անփորձների, որոնք, լավագույն դեպքում, մեկ-երկու տարի են աշխատելու դպրոցում»,-արձանագրում է Ատոմ Մխիթարյանը:
Անդրադառնալով կամավոր ատեստավորման մեխանիզմին, փորձագետը այն բնորոշում է որպես արհեստական և շինծու գործընթաց: Մխիթարյանը մանրամասնում է՝ ուսուցիչները ատեստավորումից հետո բարձր աշխատավարձ են ստանում ոչ թե աշխատանքում իրենց դրսևորած որակների, այլ պարզապես ատեստավորման թեստը լավ հանձնելու համար:
«Դա որևէ կերպ կրթության որակի վրա ազդեցություն չի կարող ունենալ»,- ընդգծում է կրթության ոլորտի փորձագետը:
Ատոմ Մխիթարյանը ուշագրավ բացահայտում է անում. «Գրավոր հարցում էինք ուղարկել նախարարություն, ճշտելու , թե քանի՞ ուսուցիչ է ստանում 400,000 դրամ աշխատավարձ, պատասխան եկավ, որ նրանց թիվը 4-ն է»:
Փորձագետի խոսքով՝ հարցումը ուղարկել են մեկ կիսամյակ առաջ, և դժվար թե, մինչև այժմ բարձր աշխատավարձ ստացողների թիվը ավելանար, հատկապես, որ ատեստավորման հաջորդ փուլը լինելու է աշնանը:
Ըստ կրթության ոլորտի փորձագետի, այդ ատեստավորման հետևանքով գյուղական վայրերում շատ ուսուցիչներ հեղինակազրկվելու են, օրինակ, թեստի մեջ անգամ մեկ-երկու վրիպակ թույլ տալու համար, հատկապես, որ գյուղերում բոլոր ճանաչում են միմյանց:
Մխիթարյանը բացատրում է՝ բարձրլեռնային սահմանամերձ բնկավայրերում աշխատող ուսուցիչների համար իրենց ուսուցչական աշխատավարձը ապրուստի հիմնական միջոցը չէ:
«Ուսուցիչների զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ: Ուսուցիչ աշխատելը նրանց կողմից կարծես, մի տեսակ, բարեգործության նման մի բան է»: Նա ընդգծում է՝ այդ ուսուցիչներին վանելու ենք կրթության համակարգից, ինչի հետևանքով նրանց մի մասը թողնելու է ոլորտը, իսկ ոմանք էլ գյուղը:
Ատոմ Մխիթարյանը միջին ուսումնական հաստատությունները պատկերավոր բաժանում է մի քանի կատեգորիայի: Նրա խոսքով՝ Հայաստանում դպրոցների ընդհանուր թվի 30 տոկոսը մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներն են, որտեղ ուսուցիչը, որքան էլ պարապի, չի կարողանա լրացնել ամբողջ բացը:
Մյուս դպրոցներն, ըստ Մխիթարյանի, 100-300 աշակերտ ունեցող հաստատություններն են: Այստեղ էլ ուսուցիչը որքան էլ ցանկանա ավել աշխատել, նրա աշխատաժամերը թույլ չեն տա վաստակել բավարար գումարը:
«Պետությունը, ի դեմս լիազոր մարմնի, անընդհատ խանգարում է կրթությանը, որը համակարգում առաջացնում է տուրբուլենտություն, իսկ կրթությունը սիրում է հաստատուն իրավիճակ»,- բացատրում է փորձագետը:
Մխիթարյանի խոսքով՝ կառավարության գրեթե յուրաքանչյուր նիստ չի անցնում առանց կրթության բնագավառում փոփոխությունների, որը հետագայում բացասական ազդեցություն է ունենալու:
Կրթության բնագավառում ներկայիս հետընթացը հասկանալու համար Մխիթարյանը մեկ օրինակ է բերում: Եթե Խորհրդային տարիներին հայաստանցի աշակերտները ԽՍՀՄ երկրներում մաթեմատիկայի քննություններին ամենաբարձր միավորներն էին հավաքում, ապա հիմա ճիշտ հակառակն է:
«Նախանցյալ տարի, երբ նույն քննություններն անցկացվեցին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի դպրոցներում, հայաստանցի դպրոցականների 2/3-րդ ստացավ բացասական գնահատական մաթեմատիկա առարկայից: Ադրբեջանում 2 անգամ պատկերն ավելի լավ էր»,- արձանագրում է Ատոմ Մխիթարյանը Կրթության ոլորտի փորձագետը համակարգում եղած խնդիրները բացատրում է համակարգը ղեկավարող անհատների թերացումներով: Ըստ Ատոմ Մխիթարյանի, խնդիրները սկսվում են, երբ համակարգում շատերը չեն հասկանում գաղափարական արժեքներից, չգիտեն, թե ինչ է ազգայինը, որն է ենթակա քարոզի և ինչին է պետք դեմ արտահայտվել: