Առջևում դեռ շատ աշխատանք կա. Դանիլա Գուրեևը՝ ՌԴ-ԱՄՆ բանակցությունների մասին
08 Դեկտեմբերի 2025, 22:52
Քաղաքական վերլուծաբան Դանիլա Գուրեևը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Մոսկվայում Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած բանակցությունները։
«Ի՞նչ վիճահարույց պահեր են հաստատապես առաջանում բանակցային գործընթացի շրջանակներում։ Նախ, տարածքների հարցը։ Կարծում եմ՝ դա ամենաբարդ պահն է, որն առկա է ընդհանուր բանակցային գործընթացի շրջանակներում։ Մենք գիտենք, որ ամերիկացիները սկզբունքորեն համաձայնվել են ՆԱՏՕ-ի բլոկին Ուկրաինայի չանդամակցելու պայմաններին։ Մենք, սկզբունքորեն, արդեն գիտենք ամերիկացիների դիրքորոշումը և՛ կրոնի, և՛ լեզվի հարցերում, բայց ահա տարածքային հարցերը մնում են քննարկման շրջանակներում ամենաբարդը և ամենաարդիականը։
Բայց այդ, կա ևս մեկ բարդ պահ, որին, կարծում եմ, բախվում է ռուս-ամերիկյան բանակցային խումբը. դա տվյալ համաձայնագրերի օրինականացման հարցն է, քանի որ պետք է հարց տալ՝ ո՞վ է ստորագրելու այդ համաձայնագրերը։ Հասկանալի է, որ ռուսական կողմից տարբերակները բավականին շատ են, քանի որ Ռուսաստանի Դաշնության բոլոր ինստիտուտներն օրինական են և լեգիտիմ՝ իրավունքի ու ընտրական գործընթացի տեսանկյունից։
Բայց ահա ուկրաինական կողմից կան որոշակի դժվարություններ, քանի որ ո՛չ Ուկրաինայի գործող նախագահն է լեգիտիմ, ո՛չ էլ, ընդհանուր առմամբ, Գերագույն Ռադան, որը սկզբունքորեն նույնպես կորցրել է լեգիտիմությունը։ Սա իսկապես բավականին բարդ հարց է բանակցային գործընթացի շրջանակներում: Կարծում եմ՝ Ռուսաստանը պահանջում է ամերիկյան և եվրոպական կողմերին ճանաչել տվյալ բանակցությունները ոչ դե-ֆակտո, այլ դե-յուրե, այսինքն՝ համաձայնվել, որ ամերիկացիներն ու եվրոպացիները հանդես գան որպես տվյալ բանակցային գործընթացների և Կիևի կողմից ստորագրվելիք փաստաթղթերի երաշխավորներ։ Այս հարցը նույնպես վիճահարույց է, քանի որ ամերիկացիները հանդես են գալիս փաստացի համաձայնության օգտին, իսկ ռուսական կողմը՝ տվյալ փաստաթղթերի իրավաբանական ստորագրման օգտին»,- կարծում է փորձագետը:
Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ չնայած դրական դինամիկային՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունները դեռ երկար ժամանակ կշարունակվեն։
«Բանակցությունների այս փուլը դրական անցավ, բայց ասել, որ սա բանակցությունների եզրափակիչ փուլն է, մենք, ցավոք, չենք կարող, քանի որ առջևում իսկապես դեռ բավականին մեծ բանակցային գործընթաց կա։ Դեռ պետք է պայմանավորվել եվրոպական պետությունների հետ այդ նույն համաձայնագրերի ընդունման հարցերում, պետք է ստիպել ուկրաինական կողմին այդ ամենը ստորագրել։ Ուստի, այստեղ մենք տեսնում ենք որոշակի կառուցողականություն, որը գալիս է ռուս-ամերիկյան կողմից, բայց, կրկին, առջևում դեռ շատ աշխատանք կա»,- եզրափակել է Գուրեևը: