Առլեն Ֆրենսիս. ամերիկյան հեռուստատեսության ձայնը, դեմքը և միտքը
20 Հոկտեմբերի 2025, 22:00
Հայազգի ամերիկյան դերասանուհի, հեռուստաաստղ Առլեն Ֆրենսիսը (Գազանջյան ) ծնվել է 1907 թ. հոկտեմբերի 20-ին Բոստոնում։ Նա դարձել է 20-րդ դարի ամերիկյան էկրանի ամենաճանաչված կանանցից մեկը։
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և ռադիոլրագրող Առլենը ճանաչում է ձեռք բերել ոչ միայն իր հմայքի, այլև իր սրամտության, գիտելիքների և իր ժամանակների համար հազվադեպ անկախության շնորհիվ։ Նրա հայկական արմատները նրա ինքնության կարևոր մասն էին։ Հայրը՝ Արամ Գազանջյանը, վերապրել է ցեղասպանությունը և գաղթել ԱՄՆ, բայց Առլենը հանրային կյանքում հազվադեպ էր շեշտում դա։
Կարիերան սկսել է թատրոնում և կինոյում 1930-ականներին։ Իրական փառքը բերել է հեռուստատեսությունը։ 1950 թ. նա դարձել է «What’s My Line» ինտելեկտուալ շոուի մշտական մասնակիցը, որտեղ Առլենի արտահայտություններն ու էլեգանտ ոճը նրան դարձրել են հանրության սիրելին։ Նա դարձել է առաջին կինը, որը վարում էր առավոտյան թոք-շոու ազգային հեռուստատեսությամբ։ «NBC» ալիքի «Home» ծրագիրը բեկումնային էր մեդիա ոլորտի կանանց համար։
Հետաքրքիր փաստ. Արլեն Ֆրենսիսն աստղի է արժանացել Հոլիվուդի Փառքի ծառուղում, իսկ 1973 թ. արժանացել է «Տարվա կին» տիտղոսին։ Նրա կարիերան տևել է ավելի քան 60 տարի։ Նա ճանապարհ է անցել համր կինոյից մինչև գունավոր հեռուստատեսություն։ Առլենը նաև մի քանի գիրք է գրել, այդ թվում իր ինքնակենսագրությունը՝ «Arlene Francis: A Memoir»-ը, որտեղ պատմել է իր կյանքի, ընտանիքի և աշխատանքի մասին:
Նա ամուսնացած էր դերասան և պրոդյուսեր Մարտին Գաբելի հետ։ Նրանք հաճախ միասին էին հայտնվում հեռուստատեսությամբ։ Նրանց որդին՝ Փիթեր Գաբելը, դարձել է գրող և փիլիսոփա։
Առլեն Ֆրենսիսը մահացել է 2001 թ. 93 տարեկանում։ Նա դարձել է մի դարաշրջանի խորհրդանիշ, երբ կինը կարող էր լինել միաժամանակ խելացի, գեղեցիկ և ազդեցիկ։ Առլեն Ֆրենսիսի անունը մնում է պատմության մեջ՝ որպես տաղանդի, արժանապատվության և մշակութային ուժի օրինակ։