Արմեն Բայանդուրյանը արժանացել է Սանդրո Ախմետելիի անվան մրցանակի
17 Հունվարի 2024, 16:30
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը վրաց թատրոնի օրվա առիթով վրաց գիր-գրականության զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացել է Սանդրո Ախմետելիի անվան մրցանակի:
«Ամեն տարի այսպիսի պարգևատրումներ է իրականացվում և մեր թատրոնն ստացավ շատ գնահատելի մրցանակ, որը կոչվում է Սանդրո Ախմետելիի անվան մրցանակ: Այն տրվել է թատրոնի գեղարվեստական ղեկավարին վրաց գրականությունն ու տրամադուրգիան մատուցելու համար, և որպես մրցանակի պատճառ նշվել է «Սպիտակ դրոշներ» ներկայացումը: Սա թատրոնի հաջողությունն է, որի համար շատ ուրախ ենք», – JNEWS-ի հետ զրույցում ասել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը 168 տարեկան է։ Այն հիմնադրվել է 1856-ին: Հավլաբարում գտնվող ներկայիս շենքում թատրոնը սկսել է գործել 1936-ից: 1921 թվականի մայիսի 1-ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ և կոչվել Ստեփան Շահումյանի անվամբ, սակայն 1991-ին թատրոնը վերանվանվել է, և մինչև օրս հանդես է գալիս որպես Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն անվամբ: