Արմեն Չարչյանի աշխատասենյակից որոշակի փաստաթղթերից բացի իրավապահները նաև գումարներ են վերցրել. փաստաբան

13 Փետրվարի 2026, 13:38

Քաղաքականություն

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկությունն ավարտվել է: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ շեշտելով, որ այս ամենը վերաբերում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն: Պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ 2025թ. հոկտեմբերի 8-ին հաղորդում է ներկայացվել, իսկ հոկտեմբերի 9-ին վարույթ է նախաձեռնվել, սակայն դրանից 4 ամիս անց միայն խուզարկություններ անցկացնելու որոշում է կայացվել։

««Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ՝ իբրև Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած իբրև ուներ հնարավորություն տվյալ պարագաները ձեռք բերել ավելի ցածր արժեքով՝ ուղղակի ներմուծող և արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև թույլ տալով նաև, որ այդ ընկերությունները, որոնք ունեն փոխկապակցվածություն Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացնեն մեծ շահույթներ՝ այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր չափերով հարկերից և արդյունքում որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները»,-ասել է փաստաբանը: