Արմեն Գրիգորյանը իրավաբանորեն արդարացվելու է. Ռուբեն Մելիքյան
18 Դեկտեմբերի 2023, 22:20
Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը Alpha News-ի ուղիղ եթերում ասել է, որ իրենք արդարություն են պահանջել, դրա համար էլ վարույթը շարունակվել է.
«Նախատեսվում է, որ մեղադրյալի մահվանից հետո նրա իրավահաջորդը՝ տվյալ դեպքում որդին՝ Տիգրանը, պետք է հնարավորություն ունենա որոշել՝ կամ համաձայնել մահվան հիմքով վարույթը կարճելուն, որը չարդարացնող հիմք է, կամ պահանջել արդարացում: Տիգրանը պահանջել է արդարություն, որի պատճառով վարույթը շարունակվել է: Մեկուկես տարի տևած դատաքննության ընթացքում մարդկանց աչքի առջև տեղի ունեցավ այս վարույթը, տեսանք, թե ինչպես է, օրինակ, գալիս և ասում՝ ես ոչինիչ էլ անձամբ չեմ գրել, ինձ գրել են տվել, ես ստորագրել եմ: Այսպիսի դեպքի հրապարակային դատաքննությամբ՝ փորձագետը գալիս, ասում է՝ «Ա՛յ, տեսեք, գրել եմ ազգային հիմքով թշնամանք, ճիշտ չեմ գրել, ավելի ճիշտ է ներազգային բառը այդտեղ գրելը»»,- նշել է Ռուբեն Մելիքյանը:
Նա համոզված է՝ շուտով լիենլու է մեղադրական վերդիկտ.
«Մենք հրապարակային դատաքննությամբ, կարծում եմ, մեր խնդիրը լուծեցինք: Առաջին հայացքից կարող է պարադոքսալ հնչի, բայց մենք գրեթե կասկած չունենք, որ լինելու է մեղադրական վերդիկտ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունենք մի դատավորի հետ, որի անկողմնակալության ընկալումը մեղմ ասած խիստ ցածր է: Երկրորդ՝ եթե լիներ արդարացման վերդիկտ, ապա հարցեր էին առաջանալու՝ իսկ առհասարակ ինչու էր Արմեն Գրիգորյանը հայտնվել կալանավայրում: Այնուհանդերձ, մենք վստահ ենք, որ, ի վերջո, ունենալու ենք արդարացման վերդիկտ, չգիտենք, թե երբ է այն արտասանվելու, որ դահլիճում, որ դատարանում՝ Վերաքննիչ, Վճռաբեկ, թե Եվրոպական դատարանում: Երբ այս քաղաքական պատճառները Արմեն Գրիգորյանի հետապնդման վերաբերյալ վերանան, Հայաստանը ավելի բարենպաստ վիճակում գտնվի, այս հարցերը բնականաբար բարձրացվելու են, և Արմեն Գրիգորյանը իրավաբանորեն արդարացվելու է»,- նշել է իրավապաշտպանը:
Նա հավելել է, որ մեղադրական կողմն էլ թե վարույթի ամբողջ ընթացքում, թե եզրափակիչ ելույթների ժամանակ լավ է պատրաստված եղել.
«Այս հարցը ոչ միայն մեզ համար է սկզբունքային, նաև նրանց համար, սեփական, մեղմ ասած, սխալները քողարկելու համար»,- եզրափակել է Ռուբեն Մելիքյանը: