Խաչքարի օրհնության և օծման կարգ՝ Նյուվեխայն քաղաքում
22 Հոկտեմբերի 2024, 16:55
Նիդերլանդների Նյուվեխայն քաղաքում, Սբ. Նիկողայոս եկեղեցու բակում, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռամբ կատարվել է խաչքարի օրհնության և օծման կարգ։
Խաչքար-հուշարձանի հեղինակն է խաչքարագործ և նկարիչ Արտակ Համբարձումյանը։
Հոկտեմբերի 20-ին Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում, Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին Խաժակ Սրբազանի ձեռամբ քսանմեկ պատանիներ և երիտասարդներ ստացել են դպրության աստիճան, հինգ երիտասարդներ՝ կիսասարկավագության աստիճան, իսկ վեց երեխաներ օրհնություն են ստացել խորան բարձրանալու համար։
Սրբազան Հայրը նաև օրհնել է եկեղեցու երգչախումբը համալրած երիտասարդուհիներին։ Արարողության ավարտին Սրբազան Հայրը եկեղեցու հոգևոր հովվին հանձնել է նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնը, որով և կատարվել է ջրօրհնյաց արարողություն։