«Արփի-09» թիմը` ՀՀ ֆուտբոլի մինչև 14 տարեկանների մանկապատանեկան առաջնության հաղթող

20 Հունիսի 2023, 09:55

Սպորտ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոցի «Արփի -09» ֆուտբոլի հավաքական թիմը մինչեւ 14 տարեկանների Հայաստանի մանկապատանեկան առաջնության Մ-14 C-1 խմբում 2022-2023 թվականների  մրցաշրջանի ամբողջ ժամանակահատվածում
գեղեցիկ եւ գրագետ խաղի արդյունքում գրավել է առաջին տեղը՝ չզիջելով առաջատարի դիրքը առաջնության ողջ ընթացքում։

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանը,  համաձայն ՀՖՖ կանոնակարգի, Վարդենիսի ֆուտբոլի թիմը  Մ-14 C-1եւ C-2 խմբերի կիսաեզրափակիչ փուլում 2:1 հաշվով հաղթելով Իջևանի «Գետահովիտ-09» թիմին, նվաճեց եզրափակիչ խաղի ուղեգիր։

Հունիսի 15-ին Ձորաղբյուր մարզահամալիրում կայացած եզրափակիչ խաղում 1:0 հաշվով հաղթելով Սիսիան քաղաքի «Սիսիան -09» թիմին, «Արփի-09» թիմը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը։