Իշխանուհի Աննա Աբամելիքի դիմանկարը՝ Մոսկվայի ցուցահանդեսում
19 Օգոստոսի 2024, 22:57
Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանը մինչև հոկտեմբերի 6-ը հնարավորություն է տալիս ծանոթանալու ռուսական առաջին փայլուն ամսագրի՝ «Մայրաքաղաք և կալվածք»-ի մասին, որը լույս է տեսել Սանկտ Պետերբուրգում 1913-1917 թվականներին:
Ցուցահանդեսում կարելի է տեսնել նաև Աննա Աբամելիքի դիմանկարը, որը նկարել է հայտնի նկարիչ Ալեքսանդր Բրյուլովը:
Իշխանուհի Աննա Դավթի Աբամելիք-Լազարյանը եղել է ռուսական բանակի հայազգի գեներալ-մայոր, իշխան Դավիթ Աբամելիք Լազարյանի դուստրը: Համարվել է Ռուսաստանում ամենագեղեցիկ կանանցից մեկը: Ապրել է Կազանում, որտեղ նահանգապետ էր նրա ամուսինը՝ բանաստեղծ Ե.Բարատինսկու եղբայր Իրակլին։ Տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներին։ Այդ լեզուներով թարգմանել և Եվրոպայում հրատարակել է Ա.Պուշկինի, Մ.Լերմոնտովի, Ֆ.Տյուտչևի, Ա.Կ.Տոլստոյի և Ն.Նեկրասովի ստեղծագործությունները։ Եվրոպական գրողներից ռուսերենի է թարգմանել Հայնեի, Շիլլերի, Մուրի առանձին գործերը։ Մտերիմ էր Ալեքսանդր Պուշկինի հետ, որը նրան բանաստեղծություն է ձոնել։
Աննա Աբամելիքի նկարը զարդարել է ամսագրի 45-րդ համարի շապիկը, նկարազարդումն ուղեկցվում էր մակագրությամբ՝ «Իշխանուհի Աննա Դավիդովնա Աբամելիք, ամուսնության մեջ Բարատինսկայա»: