Արսեն Բալայանը՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

29 Հոկտեմբերի 2025, 15:05

Սպորտ

Կալինինգրադաբնակ հայ Արսեն Բալայանը Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է ոսկե մեդալ 2025 թվականի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում, որը կայանում է Նովի Սադ քաղաքում (Սերբիա)։

86 կգ քաշային կարգում Բալայանը եզրափակչում վստահ հաղթանակ է տարել Մոլդովայի ներկայացուցիչ Էուգենիու Միխալչանի նկատմամբ՝ 10:0 հաշվով։ Սա Ռուսաստանի հավաքականի միակ ոսկին է ընթացիկ մրցաշարում։

Եզրափակիչ հասնելու ճանապարհին Արսենը ցուցադրել է բացարձակ առավելություն, հերթով հաղթելով․

  • Ադրբեջանի ներկայացուցիչ Ալի Ծոկաևին՝ 7:1,
  • Վրաստանի ներկայացուցիչ Տորնիկե Սամխարաձեին՝ 10:0,
  • Իտալիայի ներկայացուցիչ Գաբրիելլե Նիկկոլինիին՝ 10:0։

Բոլոր փուլերում վստահ հաղթանակները Բալայանին դարձրել են առաջնության ամենապայծառ ըմբիշներից մեկը։

Այս տարի Արսենը դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն նույն տարիքային խմբում՝ մինչև 79 կգ քաշային կարգում։