Արսեն Ջուլֆալակյանը վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների հանձնաժողովի նախագահ
01 Հոկտեմբերի 2025, 22:02
Հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 4 տարի ժամկետով՝ 2025-ից մինչև 2029 թվականը, վերանշանակվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (United World Wrestling) մարզիկների հանձնաժողովի նախագահ։
Նա կշարունակի ղեկավարել այն հանձնաժողովը, որը ներկայացնում է հունահռոմեական, ազատ և կանանց ըմբշամարտը։
Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը, ով այդ պաշտոնը ստանձնել էր 2021 թվականին, միակ թեկնածուն էր այդ պաշտոնի համար՝ Զագրեբում կայացած Ըմբշամարտի աշխարհի առաջնության շրջանակներում անցկացված ընտրություններից հետո:
Որպես հանձնաժողովի նախագահ Ջուլֆալակյանը կշարունակի ներկայացնել ըմբիշների շահերը UWW-ի Բյուրոյում և Կոնգրեսում, ինչպես նաև միջազգային հարթակներում, ինչպիսիք են ՄՕԿ-ի Մարզիկների ֆորումը, WADA-ն և այլ կազմակերպություններ։
«Ես շնորհակալ եմ ըմբշամարտի ողջ ընտանիքին վստահության և UWW-ի Բյուրոյում և համաշխարհային ասպարեզում նրանց ներկայացնելու պատվի համար։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի արժանապատվորեն իրականացնեմ այս առաքելությունը և ապահովեմ, որ ձեր ձայնը լսելի լինի ողջ աշխարհում:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել UWW-ի նախագահ Նենադ Լալովիչին, Բյուրոյի անդամներին և ազգային ֆեդերացիաներին աջակցության համար։ Ուզում եմ նաև օգտվել առիթից և կոչ անել ըմբիշներին ակտիվորեն մասնակցել UWW-ի Մարզիկների հանձնաժողովի աշխատանքներին»,- ասել է նա։
Սեպտեմբերի 12-ից 20-ը Զագրեբում տեղի են ունեցել Հանձնաժողովի ընտրությունները, որոնց ընթացքում ընտրվել են ինը անդամ, այդ թվում՝ չորս կին.
-Արսեն Ջուլֆալակյան (Հայաստան);
-Յուի Սուսակի (Ճապոնիա);
-Տոմաշ Լորինց (Հունգարիա);
-Այսուլու Տինիբեկովա (Ղրղզստան);
-Հասան Յազդանի (Իրան);
-Մարիա Պրեվոլարակի (Հունաստան);
-Աբդելլաթիֆ Մոհամեդ (Եգիպտոս);
-Ջեսսիկա Լավերս-Մաքբեյն (Ավստրալիա);
-Նիկոլաս դե Լանգե (ՀԱՀ)։
Ընտրություններից հետո UWW-ն հայտարարել է նախագահի պաշտոնի համար հայտերի ընդունման մասին։ Քանի որ Ջուլֆալակյանը միակ թեկնածուն էր, նա ընտրվել է առանց քվեարկության և կշարունակի աշխատանքը այս պաշտոնում։ UWW-ն շնորհավորել է նրան վերընտրվելու կապակցությամբ։