Արշավիր Շիրակյան․ «Նեմեսիս»-ի լեգենդը
22 Ապրիլի 2025, 23:45

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Արշավիր Շիրակյանը «Նեմեսիս» գործողության մասնակից է: 1921 թվականին Շիրակյանը վերացրել է Օսմանյան կայսրության երիտթուրքերի առաջնորդներից մեկին և Հայոց ցեղասպանության առանցքային կազմակերպչին՝ Սայիդ Հալիմ փաշային։ Շիրակյանը գրել է նաև հուշերի գիրք, որը հրատարակել է ողբերգական իրադարձությունների 50-ամյակի առթիվ:
Շիրակյանի հաշվեհարդարի առաջին գործողությունը տեղի է ունեցել 1920 թվականի մարտին, երբ Կ.Պոլսում նա պատժել է դավաճան Վահե Իհսանին, որը կազմել էր 1915 թվականին ձերբակալված հայ մտավորականների ցուցակները: Ավելի ուշ Արշավիրն ուղարկվել է Երևան, որտեղ ծառայության է անցել Հայաստանի Առաջին Հանրապետության ոստիկանությունում։ Արամ Երկանյանի հետ նա ծրագրել էր երիտթուրքերի առաջնորդներ Էնվեր փաշայի և Խալիլ փաշայի ոչնչացումը։ Սակայն Վրաստանում ձերբակալությունը ժամանակավորապես կասեցրել է նրանց ծրագրերը, բայց չի ստիպել թողնել այդ նպատակը։
Արշավիր Շիրակյանը վերադարձել է Կոստանդնուպոլիս, որտեղից նրան գործուղել են Հռոմ՝ Օսմանյան Թուրքիայի նախկին վարչապետ և Հայոց ցեղասպանության նախաձեռնող Սայիդ Հալիմին վերացնելու համար: 1921 թվականի դեկտեմբերին նա ընդմիշտ ընդհատել է Հալիմի կյանքը։ Ավելի ուշ՝ 1922 թվականի ապրիլին, Շիրակյանն ու Երկանյանը նոր հաղթանակի են հասել Բեռլինում՝ վերացնելով Բեհաեդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին՝ հայ ժողովրդի ողբերգության մյուս առանցքային մեղավորներին։