Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները I» կտավը կհանվի աճուրդի
01 Նոյեմբերի 2023, 20:15
Հայկական արմատներով ամերիկացի նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից Արշիլ Գորկու «Charred Beloved I» («Ածխացած սիրահարները I») կտավը աճուրդի կհանվի Christie’s համաշխարհային արվեստի շուկայի առաջատար աճուրդի տանը։ Գլուխգործոցը գնահատվում է ավելի քան 20 միլիոն դոլար։
«Ածխացած սիրահարները I»-ը Գորկու հինգ կտավներից մեկն է, որը նկարվել է իր կարիերայի բեկումնային փուլում:
1946 թվականին այրվել է նկարչի՝ Կոնեկտիկուտում գտնվող արվեստանոցը, որտեղ նա պահում էր երկար տարիների ընթացքում կուտակված մոլբերտներ, գրքեր, լուսանկարներ, գծանկարներ և նկարներ:
Հենց այդ նույն տարում է Գորկին ստեղծել «Ածխացած սիրահարները I» կտավը:
1993 թվականից նկարը գտնվում է ամերիկացի պրոդյուսեր Դեյվիդ Գեֆենի հավաքածուի մեջ: Աճուրդի կայքում նշվում է, որ սակարկությունները կսկսվեն 14 օրից։